Tuesday, February 15, 2011

Փորձում են ինձ պարտադրել ազատություն մուրացողի կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան

Tert.am. 15-2-2011- «Արթիկ» ՔԿՀ մենախցից հայտարարություն է տարածել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անելով պայքարել հանուն սեփական իրավունքների, արժանապատվության և բարեկեցության։
«Իմ նկատմամբ կիրառված բանտային ապօրինությունների ցանկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է համալրվել:
Շուրջ երկուսուկես ամիս զրկված եմ նամակներ ուղարկելու հնարավորությունից, իրավունք, որ երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով: Ի հեճուկս ՀՀ օերնքների, «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը հրաժարվում է ընդունել կամ ուղարկել իմ նամակները, ինչն անելը նրա ուղղակի պարտավորությունն է: Նաև ինձ հնարավորություն չի տրվում որևէ փաստաթուղթ փոխանցել իմ փաստաբաններին, նույնիսկ այնպիսիք, որ կազմված են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հղած հարցերին ի պատասխան: Արտաքին աշխարհի հետ իմ շփումների սահմանափակումները շարունակում են ահագնանալ` ի հեճուկս ՀՀ օրենսդրության պահանջների:
Այս ամենի մասին ահազանգել են զանգվածային լրատվության միջոցները, իրավապաշտպան կազմակերպություններ, իմ փաստաբանները, հարազատներս, ես` ինքս: Այդ ահազանգերի արդյունքում ապօրինությունները ոչ միայն չեն դադարել, այլև ավելի են ահագնացել: Սա անառարկելի ապացույցն է այն բանի, որ դրանք հրահանգավորված են Հայաստանի իշխանությունը բռնազավթած վերնախավի կողմից: Սերժանտական վարչախմբին հանգիստ չի տալիս այն միտքը, որ նույնիսկ արտառոց միջոցների գնով հնարավոր չի եղել կասեցնել իմ լրագրողական և քաղաքական գործունեությունը:
Աղաղակող ապօրինությունների միջոցով վարչախումբը հույս ունի ինձ ստիպել դադարեցնել լրագրողական և քաղաքական գործունեությունս, որպիսի պահանջը արդեն բացահայտ ներկայացվում է փորձ անելով ինձ պարտադրել ազատություն մուրացողի կարգավիճակ:
Սույն հայտարարությամբ հարկ եմ համարում ևս մեկ անգամ փաստել ի լուր հանրության.
- ինձ պայմաններ պարտադրելու սերժանտական իշխանության փորձերը դատապարտված են ձախողման: Իմ կյանքը դրված է հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Հանուն Ճշմարտության, Ազատության, Օրինականության, Մարդու իրավունքների, Խոսքի ազատության պայքարելու եմ մինչև վերջ` անկախ նրանից ազատության մեջ կլինեմ, թե բանտում:
Այս պայքարին իմ նվիրվածությունը հնարավոր չէ սասանել` որևէ սպառնալիքի կամ ապօրինության ներքո: Ինձ հնարավոր չէ լռեցնել, ինձ հնարավոր չէ կասեցնել…
Մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է:
Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում հանուն սեփական իրավունքների, արժանապատվության և բարեկեցության պայքարել անզիջում, պայքարել մինչև վերջ:
Եվ ուրեմն` Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

No comments: