Thursday, February 17, 2011

ԻՆՉՔԱՆ “ՊԶՈ” ԿԱ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ…

«Լրագիր» 17-2-2011- ԱՄՆ իրավապահները բացահայտել են հերթական հայկական հանցախումբը, կրկին խոշոր, ինչպես Պզոյի խումբն էր: Խոսք է գնում մոտ 20 միլիոն դոլարի մասին: Ըստ ԱՄՆ իրավապահների, մոտ այդքան վնաս է պատճառել հայկական հանցախումբը իր գործունեությունից տուժած անձանց:
Իսկ թե ինչքան վնաս է հասցրել հանցավոր խումբը ԱՄՆ-ում հայության հեղինակությանը, թերեւս դժվար է չափել: Բայց այն, որ Միացյալ Նահանգների հասարակության մոտ հայերի մասին տպավորությունը կամաց-կամաց կարող է թեքվել դեպի այն, որ հայերը պարզապես մաֆիոզ ու հանցավոր մարդիկ են, թերեւս շատ հավանական է: ԱՄՆ իրավապահները վերջին տարվա ընթացքում փաստորեն արդեն երկրորդ հայկական խոշոր հանցախումբն են բացահայտում, տասնյակ մեղադրյալներով:
Ինչ խոսք, այդպիսի դեպքում հնարավոր է ասել, որ ինչքան էլ տասնյակ լինեն բացահայտվածները, ազնիվ, բարեխիղճ, օրինապաշտ հայերը ԱՄՆ-ում շատ ավելին են, ովքեր ապրում են իրենց աշխատանքով, չեն գողանում, չեն սպանում: Իհարկե, այդպիսի հայերն ավելի շատ են, բայց բանն այն է, որ ԱՄՆ-ում դա վաղուց արդեն առանձնահատուկ առաքինություն չէ: Դա այդպես էլ պետք է լինի: Այնտեղ գործ անելը, աշխատելը, սեփական պարտականությունը կատարելն ու օրինապաշտ լինելը թերեւս կենսակերպ է, եւ առանձնահատուկ ուշադրություն չի գրավում: Իսկ ահա այդ կենսակերպից շեղումները, այդ ֆոնին, դառնում են առավել ցցուն եւ խոսուն:
Իհարկե, կարելի է ասել նաեւ, որ ի վերջո ԱՄՆ-ում միայն հայերը չէ, որ հանցավոր են եւ միայն հայկական հանցախմբերը չէ, որ գոյություն ունեն: Օրինակ, միգուցե Արտաշես Գեղամյանը հանդես գա եւս մի ծավալուն հոդվածով, ինչպես Պզոյի գործի դեպքում, եւ մերկացնի ամերիկյան իրավապահների կողմնակալությունը, մատնանշելով, թե ինչպես ասենք շատ ավելի մեծ հանցանքներն ու չարաշահումները անտեսվում են, իսկ հայերի փուշը դարձվում է գերան: Բայց, նախ ԱՄՆ հասարակությունը կարծես թե չի կարդում Արտաշես Գեղամյանի հոդվածները (կասկածի տակ է, թե արդյոք Հայաստանի հասարակությունը կարդում է), եւ դրանից բացի էլ, եթե ԱՄՆ-ում կան ավելի մեծ հանցագործություններ, որոնք նույնիսկ չեն էլ բացահայտվում, ապա դրանից բացահայտված հայկական հանցագործությունների ծանրությունը չի նվազում:
Ավելին, որպես կանոն, թե Պզոյի, թե ներկայիս դեպքերում, խոսվում է այդ հանցավոր խմբերի Հայաստանի հետ ունեցած կապի մասին: Այլ կերպ ասած, Հայաստանն էլ կամաց-կամաց կսկսի ընկալվել իբրե հանցագործություններ սնուցող կամ հանցագործություններից սնուցվող պետություն, եթե իհարկե արդեն իսկ չկա այդպիսի ընկալում:
Բանն այն է, որ աշխարհում հայկական հեռուստաալիքներ չեն նայում եւ “մեր մեծերին” չեն ճանաչում, տարբեր ոլորտներում հայության հռչակավոր “կղզյակների” մասին ռեպորտաժների չեն հետեւում, այդքան էլ մեծ նշանակություն չեն տալիս Արենիի քարանձավի նկուղներից հայտնաբերված քաղաքակրթական բեկորներին, որովհետեւ Արեւմուտքում շատ “մերկանտիլ” են եւ հետաքրքրվում են առաջին հերթին նրանով, ինչն անմիջական առնչություն ունի իրենց կյանքի, իրենց իրավունքի, ազատության, անվտանգության եւ բարեկեցության հետ:
Իսկ Հայաստանից, այդ առումով, կարծես թե միայն սպառնալիքներ են գնում այդ ուղղությամբ, տարատեսակ հանցագործների եւ հանցավոր խմբավորումների տեսքով: Թեեւ, երեւի թե ինչ ունենք իրականում, ինչը կազմում է մեր արժեհամակարգի հիմնական բաղադրիչը, մեր մտածողության “միջնաբերդը”, այն էլ “արտահանում” ենք համաշխարհային քաղաքակրություն: Այդ պատկերը փոխելու համար պետք է փոխվի Հայաստանի պատկերը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: