Thursday, February 3, 2011

Ուսումնասիրվել են Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները

Tert.am. 2-2-2011- Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն անցած տարի հրատարակել է «Արցախի հրաշալիքները» ու «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» գրքերը: Վերջինում անդրադարձ կա Արցախի տարածքում պահպանված մահմեդական ծագման հուշարձաններին:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով` այդ հուշարձաններում «խտացված է հայ մարդու շինարարական կենսափորձը դարավոր, գեղարվեստական ճաշակը, ընկալումները»: Դամբարանների պատվիրատուները թեև մահմեդականներ են եղել, սակայն դրանք կառուցված են եղել հայ վարպետների կողմից:
Արցախում պահպանված հուշարձանները ոչ միայն պաշտամունքային են, այլև աշխարհիկ կառույցներ, օրինակ` իջևանատներ:
Թուրքմենական ծագումով կարա-կոյունլու ցեղին վերագրվող մահմեդական հուշարձանների թիվը հասնում է մոտ 2 տասնյակի: Դրանք թվագրվում են 14-16-րդ դարերին (հեղինակները` բացառապես hայ ճարտարապետներ) և տեղակայված են Ադրբեջանին բռնակցված տարածքներում ու ազատագրված շրջաններում: Սրանց հաջորդում են պարսկական հուշարձանները, որոնք հասնում են մինչև 18-րդ դարի վերջերը (ճարտարապետները` հայերից բացի, նաև պարսիկներ): Մահմեդական հուշարձանների վերջին շրջանի աշխատանքները կովկասյան թաթարներինն են (ադրբեջանցիներ)` 19-րդ դարի վերջերից 20-րդ դարի սկիզբ: Վերջիններս հիմնականում գյուղական մզկիթներ են:
«Սա ապագա մի շատ լուրջ և ծանրակշիռ աշխատության նախօրինակ, կոնսպեկտ տարբերակն է»,- պարզաբանեց Սամվել Կարապետյանը:

No comments: