Thursday, February 3, 2011

«Ժառանգությունն» առաջարկում է խորհրդարանական նիստերն on-line հեռարձակել

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը և Արմեն Մարտիրոսյանն այսօր հանդես են եկել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնում են կուսակցությունից, նախագծի ընդունումը կնպաստի Ազգային ժողովի գործունեության նկատմամբ հասարակության իրազեկվածության աստիճանի, ինչպես նաև` խորհրդարանի հեղինակության և վստահության բարձրացմանը` Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով (www.parliament.am) նիստերի առ-գիծ (on-line) հեռարձակման միջոցով: Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, ինչպես նաև` հրապարակայնության ապահովմամբ:
«Ժամանակակից պառլամենտարիզմի պահանջներից է հեռահաղորդակցության համակարգերի` համակարգչային ու հեռուuտատեuային ցանցերի, ինչպեu նաև` տեխնիկական և ծրագրային միջոցներով ապահովել բարձրագույն օրենսդիր մարմնի և հասարակության միջև առավել բաց երկխոսությունը: Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը չի ապահովում Ազգային ժողովի գործունեության ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու հաuանելիությունը հասարակության լայն շերտերին:
Սույն նախագիծը հասարակության յուրաքանչյուր անդամին հնարավորություն կտա հաղորդակից լինել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեությանը, տեղեկանալ խորհրդարանում դռնբաց նիստերի ելույթներին, հայտարարություններին, հարց ու պատասխաններին, նախագծերի քննարկումներին, դրանց քվեարկություններին և տեղի ունեցող քաղաքական գործընթացներին»,– հավատացած են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։

No comments: