Wednesday, February 23, 2011

ՈՎ ԿՍԻՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ

«Լրագիր» 23-2-2011- Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը Երեւանում կայացած մի միջոցառման ժամանակ հայտարարել է, որ հասարակական ակտիվությունը հայրենասիրության ամենամեծ դրսեւորումն է:
Դա զգալիորեն հակասում է հայրենասիրության մասին Հայաստանում գերիշխող պատկերացմանը: Հայաստանում հայրենասիրություն ասելով հասկանում են պաթոս, սնապարծություն, սնափառություն, ճառեր, կենացներ: Իսկ հասարակական ակտիվությունը Հայաստանում որակվում է ընդհուպ “դավաճանություն” եւ “օտար պատվեր”:
Հայաստանում հայրենասիրական համարվում է միայն իշխանության պատվիրած հասարակական ակտիվությունը, երբ այս կամ այն հասարակական կազմակերպությունը վերեւից իջեցված պատվերի շրջանակում ինչ որ երեւույթ է քննադատում կամ ինչ որ երեւույթ է գովերգում:
Հայրենասիրության մասին պատկերացումները Հայաստանում իսկապես ունեն լուրջ վերանայման կարիք, քանի որ դրանք խոչընդոտում են Հայաստանի զարգացումը բոլոր առումներով: Ներկայիս պատկերացումներն առավելապես խարսխվում են “Հայրենիքի, պետության, տարբեր պետական ինստիտուտների մասին կամ լավը, կամ ոչինչ” սկզբունքի վրա: Օրինակ, եթե որեւէ մեկը փորձում է հետեւողականորեն բարձրացնել բանակում մարդու իրավունքի պաշտպանության խնդիրը, նրան անմիջապես հակադարձում են “հայրենասիրությամբ”, ասելով, թե բանակի մասին այդքան խոսելը ջուր է լցնում թշնամու ջրաղացին:

Այդ մոտեցումը գերիշխում է բոլոր ոլորտների, բոլոր երեւույթների դեպքում, եւ երբ իշխանությունը չի ունենում հակադարձելու որեւէ փաստարկ, անմիջապես առաջ է մղում “հայրենասիրությունը”: Այդ իսկ պատճառով, իշխանությունն իր որեւէ գործողություն ներկայացնում է ոչ թե որպես Սահմանադրության եւ օրենքների սահմանած պարտականության կատարում, այլ “հանուն ազգի” արված քայլ: Դա հիմք է ստեղծում, որ երբ այդ քայլերը արժանանան քննադատության, անմիջապես հակադարձվի` “եթե դուք մեզ քննադատում եք, ուրեմն դուք ազգայինն եք քննադատում”: Իշխանական քարոզչության ակտիվ ջանքով Հայաստանում հայրենիք ու իշխանություն հասկացությունները նույնացվել են, հայրենասիրություն հասկացությունը դարձնելով իշխանության պաշտպանական վահան:

Ընդ որում, այն ունի ուղղակի եւ անուղղակի կիրառում: Մի դեպքում այդ վահանն անմիջապես է պաշտպանում իշխանությանն ու դեմ տրվում քննադատություններին, մյուս դեպքում այդ վահանն իշխանությանը պաշտպանում է հասարակական պսիխոզ առաջացնելու միջոցով, երբ մարդիկ սկսում են հայրենասիրական պրիզմայով քննարկել բաներ, որոնք հասարակության եւ պետության կյանքում կարեւոր չեն, քանի որ հանդիսանում են իշխող պատկերացումների հետեւանք, ոչ թե պատճառ: Եվ հանրային պսիխոզի միջոցով հասարակությանը դնելով հետեւանքը քննարկելու անպտուղ եւ անվերջանալի ճանապարհի վրա, իշխանությունն այդպիսով փորձում է լուծել հասարակական էներգիան պատճառից շեղելու կենսական հարցը:

Դրա թարմ օրինակն էլ երգահան Վահրամ Պետրոսյանի “թեման” է, որ ծագել էր նրա ասուլիսի ընթացքում արտահայտած որոշ մտքերից: Բոլոր նետվել են հայկական երաժշտությունը այդպիսի երգահաններից պաշտպանելու “սուրբ” պայքարի բով, բոլորը քննադատում են Վահրամ Պետրոսյանին, նրան դավաճան հռչակում, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ նա ընդամենը անկեղծ խոսել է այն մասին, ինչ կա իրականում: Եվ հասարակության մի զգալի մաս, հեռուստաընկերություններ, մտավորականներ, ինչպես գործընկերներիցս մեկն է ասում` “պրոֆեսիոնալ հայրենասերներ”, նետվել են Վահրամ Պետրոսյանի դեմ գրոհի ու ոչ թե քննարկում են, թե ինչու է իրականությունն այդպես, ինչու է Հայաստանը, պետական մակարդակով կազմակերպվող մշակութային միջոցառումներից մինչեւ պետական մակարդակով վերահսկվող եթերը, ողողված անորակ, անմակարդակ ռաբիս կամ պոպ երաժշտությամբ, անորակ ռաբիս կամ պոպ մշակույթով ընդհանրապես, այլ քննարկում են, թե ինչու Վահրամ Պետրոսյան կա, ինչու է նա երաժշտություն գրում, ինչու է այդպես խոսում, եւ այլն, եւ այլն:

Հայրենասիրության մասին ներկայում քարոզվող եւ գեներացվող պատկերացումները հիմնված են ձեւի, ոչ թե բովանդակության վրա: Դրա համար էլ մեր պետությունն ունի ձեւ, չունի բովանդակություն: Պետությանը բովանդակություն տալու համար պետք է բովանդակություն տալ հայրենասիրության մասին պատկերացումներին: Իսկ բովանդակային հայրենասիրություն կարող է ձեւավորվել միայն ազատության եւ իրավականության միջավայրում: Միայն ազատ քաղաքացին կարող է իրապես սիրել իր հայրենիքը, պետությունը: Ու միայն ազատ քաղաքացու սերը վայելող հայրենիքն ու պետությունը կարող են լինել հզոր ու մրցունակ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: