Tuesday, February 15, 2011

«Ազադլիգ». Թեհրանը ցանկանում է տապալել Կովկասի մահմեդականների շեյխին

Panorama.am. 14-2-2011- Իրանի այաթոլաները պատրաստվում են «օրենքից դուրս» հայտարարել Կովկասի մահմեդականների վարչությունը: Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը` նշելով, որ դա կապված է հիջաբը դպրոցներում արգելելու կապակցությամբ Ադրբեջանի իշխանությունների հետ նրա համակարծիք լինելու հետ:
Թերթը գրում է, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի նկատմամբ Ադրբեջանում ճնշումներ են սկսվել և ներսից, և դրսից: Խնդիրն այն է, որ հիջաբի արգելքի դեմ բողոքի ալիքը վճռական բնույթ է ստացել. Ադրբեջանի նախագահի աշխատակազմն Իլհամ Ալիևի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են շեյխը, նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը, խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը, կրթության նախարար Միսիր Մարդանովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Քննարկումների ժամանակ բոլոր պաշտոնայներին հակառակ, Փաշազադեն դեմ է հանդես եկել դպրոցներում և բուհերում հիջաբի արգելմանը, ինչն առաջացրել է Ադրբեջանի իշխող վերնախավի դժգոհությունը: Տեսնելով որ իր այդ քայլը կարող է թանկ նստել իր վրա, քանի որ Ռ. Մեհտիևը արդեն իր դեմ արշավ է սկսել` օրեր անց իր նկատմամբ իշխանության ցասումը մեղմելու համար, շեյխը պաշտպանել է իշխանությանը` Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսուդ Սամեդովի ձերբակալության հարցում: Սակայն շեյխի այդ քայլը դարձել է Իրանի հարձակման պատճառ: Իրանի «Սեհեր» հեռուստաալիքը արշավ է սկսել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավարի դեմ: Այսպիսով, շեյխին սկսել են նեղել և ներսից, և դրսից:
«Ազադլիգ»-ին հասած տեղեկություններով, Իրանի կրոնական վերնախավը պատրաստվում է տապալել Փաշազադեին: Ներկայում Իրանի այաթոլաները կրոնական առաջնորդ Ալի Խամանեի հետ միասին քննարկում են Կովկասի մահմեդականների վարչությունը «օրենքից դուրս» համարելու հարցը: Ադրբեջանցի հավատացյալներին ղեկավարելու համար Իրանում քննարկվում է հոգևոր կենտրոն Կում քաղաքում ուսում ստացած աստվածաբաններից մեկին այաթոլայի կարգավիճակ շնորհել և դրանով վերջ դնել շեյխի կրոնական իշխանությանը: Եթե դա տեղի ունենա, Կովկասում Փաշազադեի հոգևոր առաջնորդ լինելը ձևական բնույթ կկրի: Իրանցի ներգաղթյալ Ասլան Խալիդին օրերս հայտարարել է, որ Իրանի կրոնական վերնախավը խիստ դժգոհ է շեյխի գործունեությունից և ցանկանում է Ադրբեջանի հոգևոր ղեկավարության գլուխ բերել Իրանի վարչակարգի պահանջներն անվերապահորեն կատարող անձի:
Թերթը գրում է, որ ցույց տալու համար, որ ինքն ամբողջ Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդն է, Փաշազադեն օրերս այց է կատարել Հյուսիսային Կովկասի երկրներից Չեչնիա ու Կաբարդինա Բալկարիա և ստացել այդ երկրների ղեկավարների աջակցությունը:
«Հատկանշական է, որ նման փորձից Փաշազադեն օգտվել է նաև մի քանի տարի առաջ իր դեմ սկսված արշավի ժամանակ: Այն ժամանակ նա այցելեց Ռուսաստան և Վրաստան: Ռուսաստանում Փաշազադեն այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացավ պարգևի` կրոնական բնագավառում ունեցած գործունեության համար: Նման քայլ կատարեց նաև Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, որից հետո շեյխի նկատմամբ ճնշումները դադարեցին: Հատկանշական է նաև այն, որ այն ժամանակ Փաշազադեն հանդես եկավ հետաքրքիր հայտարարությամբ` ասելով, թե` «Կովկասի մահմեդականների վարչությունը կարող է տեղափոխվել Թբիլիսի»:
Այժմ մոտավորապես նույն գործընթացներն են տեղի ունենում: Հնարավոր է` Շեյխի մարտավարական գործունեությունը հաջողությամբ ավարտվի նաև այս անգամ…»,- գրում է «Ազադլիգ»-ը:

No comments: