Tuesday, February 15, 2011

Արյունոտ գրաքննություն. Թուրքիայում չեն հիշում սպանված հայ լրագրողներին

Panorama.am. 15-2-2011- Վերջին օրերին Թուրքիայում հերթականությամբ հիշատակվում է սպանված լրագրողների մահվան տարելիցը, հնչում քննադատության խոսքեր և մամուլի ազատության պահանջներ: Այստեղ, սակայն, մի մեծ բացթողում կա, որի վրա էլ ուշադրություն է սևեռում թուրքական «Taraf» թերթի հոդվածագիր Ռոբերթ Քոփթաշը: «Ե՞րբ է Թուրքիայի լրագրողների միությունը հիշելու 1915-ին սպանված հայ լրագրողներին»,- հարց է բարձրացնում Քոփթաշը:
Սպանված լրագրողների թվի վերաբերյալ տարբեր տվյալներ են հրապարակ բերվել: Այսպես` «Թուրքիայի լրագրողների միության» տվյալների համաձայն` 1909-ից մինչև 2009 թվականը Թուրքիայում սպանվել է 62 լրագրող: «Ժամանակակից լրագրողների ընկերակցության» ներկայացրած փաստերն էլ աղաղակում են 67 լրագրողների սպանության մասին 1905-2009թթ.: Հիշյալ երկու կազմակերպություններն էլ ապրիլի 6-ին` լրագրողների սպանության օրը, հիշում ու ոգեկոչում են միայն վերոթվարկյալներին: Այդ ցուցակում հայ լրագրողներից միայն Հրանտ Դինքի անունը կա: Մինչդեռ «Taraf» թերթը նկատել է տալիս, որ պատմական փաստերի վկայությամբ` 1915 թվականին երիտթուրքերի կազմակերպած տեղահանության ու ջարդերի ժամանակ տարբեր մասնագիտության հարյուր հազարավոր մարդիկ են սպանվել, որոնց թվում քիչ չեն եղել նաև լրագրողները:
Պարբերականը հիշեցնում է, որ 2010թ. լրագրող Բյուլենթ Թելլանը «Արյունոտ գրաքննություն» խորագրով մի զեկույց էր կազմել, որտեղ նշված է եղել 1915-ին սպանված 22 հայ լրագրողների և ազգությամբ ոչ հայ ևս 10 լրագրողների մասին: Այդ զեկույցը ներկայացվել է լրագրողների սպանությունների հետազոտության վերաբերյալ «Թուրքիայի լրագրողների միության» հայտարարած մրցույթին և արժանացել ժյուրիի ուշադրությանը: Բայց այդպես էլ ընթացքի չի դրվել:
«Taraf»-ի դիտարկմամբ` արդյունքում 1979 թվականին սպանված «Milliyet»-ի լրագրող Աբդի Իփեքչիի գերեզմանին լրագրողների միության նախագահ Օրհան Էրինչը նշեց սպանված լրագրողներից միայն 63-ի անունները` անտեսելով դարձյալ 1915-ին սպանված հայ լրագրողներին:

No comments: