Tuesday, February 15, 2011

Օբաման կրկին առաջարկում է Հայաստանին ավելի քիչ ռազմական օգնություն տրամադրել, քան Ադրբեջանին

Tert.am. 15-2-2011- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ ներկայացրել է 2012թ. ֆինանսական տարվա բյուջեն, որը նախատեսում է 40 մլն դոլար տնտեսական օգնություն հատկացնել Հայաստանին։
Ներկայացված բյուջեի համաձայն՝Հայաստանին հատկացվող ռազմական օգնության չափը զիջում է Ադրբեջանին հատկացվող օգնության չափին: Օբաման 3, 45 մլն դոլար ռազմական օգնություն է խնդրել Հայաստանի համար, որը 450 հազ. դոլարով պակաս է Ադրբեջանի համար ներկայացված ռազմական օգնության չափից։
Այս առնչությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել, որում իր անհնագստություն է հայտնում առ այն, որ 2012թ. Հայաստանի համար ներկայացված օգնության չափը նախորդ տարվա Կոնգրեսի հաստատած գումարի չափից քիչ է։ «Մենք շատ անհանգստացած ենք, որ ռազմական օգնության տեսանկյունից նախագահի հայտը կշեռքի նժարը թեքում է Բաքվի կողմը, ինչն էլ նոր պատերազմ սկսելու մասին Ադրբեջանի առաջնորդների սպառնալիքների ֆոնին ՝կթուլացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,– ասված է հայտարարության մեջ։
Հայ դատի հանձնախումբը հիասթափություն է հայտնում, որ նախագահ Օբաման որևէ կարևոր քայլ չձեռնարկեց հայ–ամերիկյան առևտրային հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ։
ԱՄՆ 2012թ. բյուջեով դադարեցվում է նաև Հայաստանին հատկացվող օգնությունը «Գլոբալ առողջություն» (Global Health, զարգացող երկրներում մալարիայի, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և երեխաների իմունային պատվաստումների ծրագիր) և «Երեխաների գոյատևման աջակցություն» (Child Survival assistance) ծրագրերով օգնությունը, որն ավանդաբար կազմում էր 400 հազ. դոլար։
Նշենք, որ Ադրբեջանին տնտեսական օգնության չափը ևս կրճատվել է՝ 22, 12 մլն դոլարից հասնելով 16, 6 մլն-ի։ Ադրբեջանին հատկացվող «Գլոբալ առողջություն» և «Երեխաների գոյատևման աջակցություն» ծրագրերով օգնությունը նույնպես կդադարեցվի։

No comments: