Tuesday, February 1, 2011

«ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ ՉԵՄ ՍԻՐԵԼ»

«ԱԶԳ», 01-02-2011- Այս խոսքերը, ինչպես հունվարի 29-ի համարում գրել է «Հյուրիեթը», պատկանում է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության առանցքային դեմքերից պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքին: Նա այդ մասին արտահայտվել է դատական նիստումՙ ի պատասխան Դինքի սպանությանը Էրգենեքոնի առնչության եւ իր մասնակցության վերաբերյալ մեղադրանքներին:
Ահա թե, ըստ թուրքական թերթի, ինչ է ասել պաշտոնաթող գեներալը. «Անձամբ չեմ ճանաչել Հրանտ Դինքին, նրա հետ ուղղակի կամ միջնորդի միջոցով որեւէ հանդիպում չեմ ունեցել: Ես նրան չեմ սիրել: Սիրելու պարտավորություն էլ չունեի: Սակայն սպանությանը հավանություն չեմ տալիս: Դինքի դեմ արդեն դատական գործ էր հարուցվել, դատավարությամբ նա կրելու էր իր պատիժը: Թեեւ ինձ մեղադրում են Տրապիզոն գնալու եւ այնտեղ ժանդարմերիայի կայազորի հրամանատար գնդապետ Ալի Օզինՙ Դինքին սպանելու հրաման տալու մեջ, սակայն ես Տրապիզոնում եղել եմ 2001-ի հունվարի 8-ին, երբ արդեն պաշտոնաթող էի»:
Ի դեպ, հանգուցյալ Դինքին հաճախակի են սպառնացել: Նա անտեսել էր դրանք, բացառությամբ պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքի սպառնալիքի: Եվ այդ մասին հայտնել էր Թաներ Աքչամին. «Առ այսօր սպառնալիքներին ուշադրություն չէի դարձնում, սակայն սպառնացողը եթե Վելի Քյուչուքն է, ապա կնշանակի դրանք չափազանց լուրջ են»:

No comments: