Wednesday, February 16, 2011

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆ

Գյուլը Թեհրանում նախագահ Ահմադինեժադին «ժողովրդի ձայնին ականջ դնելու» նույն ակնարկն է արել, ինչ Մուբարաքին հորդորել էր վարչապետ Էրդողանը
«ԱԶԳ» , 16-02-2011- Փետրվարի 14-ին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ուղեկցությամբ Թեհրան էր մեկնել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Թեեւ նա 2003-ին եղել էր Թեհրանում, սակայն Իսլամական կոնֆերանսի համաժողովի շրջանակներում: Հետեւաբար սա նրա պաշտոնական առաջին այցելությունն է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում Գյուլը հանդիպել է իրանցի գործընկերոջՙ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին, Իրանի միջուկային ծրագրին, իսլամական այս հանրապետության դեմ կիրառվող շրջափակմանը եւ հատկապես տարածաշրջանի արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումներին առնչվող խնդիրներ:
Իրանի նախագահի հետ հանդիպմանը Գյուլը բարձրացրել է վերջին մեկ տարում Իրանի սահմանապահների կողմից սպանված ավելի քան 20 թուրքի հարցը, ընդգծելով, որ նրանք ոչ թե մաքսանենգ, այլ գյուղացիներ են, սահմանը խախտում են իրենց անասունները փնտրելու նպատակով, եւ Իրանի նախագահին խնդրել է զգուշացնել սահմանապահ զորքերի հրամանատարությանըՙ ասելով. «Կարելի է այս մարդկանց խախտումը կասեցնել առանց սպանության»: Ինչ վերաբերում է տարածաշրջանի զարգացումներին, ապա մամուլի համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահը դրանց առնչությամբ նշել է. «Մենք ականատես ենք լինում տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում տեղի ունեցող արմատական փոփոխություններին: Կարծում եմ, դրանք չպետք է անակնկալ լինեն որեւէ մեկի համար: Զարգացած հաղորդակցության ներկա փուլում միանգամայն իրատեսական են ժողովուրդների ներկայացրած պահանջները: Հետեւաբար պետք է հաշվի առնել ժողովուրդների ցանկությունները եւ կատարել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական անհրաժեշտ բարեփոխումներ, որովհետեւ այն, ինչ պետության ղեկավարը ինքնակամ խուսափում է կատարելուց, ստիպված է լինում կատարել ժողովրդի ճնշման տակ»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պատասխան ելույթում ընդգծել է երկու երկրների կարեւորությունը տարածարջանի համար, անդրադարձել է տարածաշրջանում այս երկրներին վերապահվող առանցքային դերին, նա Թուրքիայի հետ հարաբերությունները բնութագրել է «մնայուն եւ եղբայրական» եւ Իրանի միջուկային ծրագրին դրական վերաբերմունքի, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնել նախագահ Գյուլին:
Թուրքական մամուլը չի նշում, թե ինչ արձագանք է տվել Ահմադինեժադը նախագահ Գյուլի ակնարկներին: Սակայն հայտնի է, որ այն պահին, երբ հանդիպում էին երկու երկրների նախագահները, Թեհրանում փողոց էին դուրս եկել ընդդիմության կողմնակիցները: Ավելին, իսրայելական «Դեբկա» կայքէջի վկայությամբ, բողոքարարները իրենց մոտ են հրավիրել Թուրքիայի նախագահին: Ըստ կայքի, ընդունելով հրավերը, նախագահ Գյուլը որոշել է ողջունել նրանց: Մինչ Գյուլի թիկնապահները իրանական կողմից ուղեկցորդ են պահանջել, նախագահ Ահմադինեժադը միջամտել է եւ Անկարային դժգոհություն պատճառելու գնով կանխել ցուցարարների հետ Թուրքիայի նախագահի հանդիպումը: Իսկ դա պատճառ է դարձել, որ նախատեսվածից կարճ տեւի Ահմադինեժադ-Գյուլ մամուլի ասուլիսը Թեհրանում:
Սա 2009-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմնակիցների թերեւս առաջին ցույցն էր, որ արցունքաբեր ռումբերի միջոցով ցրել են Իրանի անվտանգության ուժերը: Այդ ընթացքում հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ասելով. «Նախագահ Օբամայի վարչակարգը բացահայտորեն եւ ուղղակի աջակցում է ցույցի կազմակերպիչներին»: Թերեւս դրանով նա հաստատել է Իրանում ցույցերի դրսից հրահրման մասին երկրի ղեկավարության կարծիքը: Սակայն, անկախ կարծիքից էլ, ակնհայտ են Իրանին միջազգայնորեն մեկուսացված, տնտեսապես եւ քաղաքականապես անկայուն եւ տարածաշրջանի երկրների աջակցությունից զուրկ տեսնելու ԱՄՆ-ի նկրտումները:
Համենայն դեպս, հոդվածը պատրաստելու պահին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դեռեւս Իրանում էր, ենթադրվում էր, որ այցելության շրջանակներում լինի նաեւ Սպահանում եւ Թավրիզում:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: