Wednesday, February 16, 2011

Այսօր գտնվում ենք փլուզման ընթացքում, որի արդյունքում պետությունը դառնում է սնանկ. Հարություն Մեսրոբյան

Tert.am. 15-2-2011- Այսօր տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի նիստը՝ «ՀՀ պետական կառավարման համակարգի փլուզման սոցիալ-տնտեսական արդի դրսևորումները» թեմայով։
Նիստում ելույթ է ունեցել տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ ներկայացնելով, թե ինչպես է ձևավորվել ՀՀ պետական կառավարման համակարգը, որը տևել է 3-4 տարի (1991-1994թթ.-ին), իսկ համակարգի փլուզման ողջ գործընթացն ընթանում է շուրջ 15-16 տարի։
Ըստ բանախոսի՝ համակարգի փլուզման գործընթացը բաղկացած է հինգ փուլերից՝ 1995–98թթ.–ին՝ քարացման, 1999–2003թթ.–ին՝ անմրցունակության, 2004–2007թթ.–ին՝ դեգրադացման, 2008–2009թթ.-ին՝ ճգնաժամային և 2010թ.–ից՝ փլուզման։
«Այսօր գտնվում ենք փլուզման ընթացքում, որի արդյունքում, վաղ թե ուշ պետությունը դառնում է սնանկ, երկրի և ժողովրդի համար բոլոր աղետալի հետևանքներով։ Ընդ որում փլուզման գործընթացն ուղղորդվում է կառավարման համակարգի ինքնավերարտադրմամբ (ՀՀ-ում այն սկսվել էր 1995թ.-ին), երբ որակապես այլ մարդկանց դեպի կառավարման բուրգ ներթափանցման հավանականությունը դառնում է նվազագույն: Սա այն է, ինչի ականատեսն ենք բոլորս»,- նշել է փորձագետը։
Հարություն Մեսրոբյանը ներկայացրել է կառավարման համակարգի փլուզման հատկանիշները։ Այն է.
ա. Բնակչության համատարած անվստահությունը պետական կառավարման համակարգի, կառավարիչների և հայտարարված քաղաքականության նկատմամբ
բ. Անկանխատեսելի կադրային փոփոխություններ կառավարման բուրգում,
գ. Վերնախավի կողմից ներքին և արտաքին իրականությանը ոչ համարժեք պատկերացումներ, հայտարարություններ և գործողություններ,
դ. Վերնախավի տարբեր խմբերի համատարած փոխադարձ անվստահություն,
ե. Երիտասարդության շրջանում պետությունից փաստացի և վիրտուալ փախուստի հոգեբանության ձևավորում,
զ. Պետության կողմից կանխատեսվող (հայտարարվող) անիրական սոցիալ-տնտեսական մակրո և միկրո նպատակներ,
է. Բնակչության սոցիալ-տնտեսական անկառավարելի վիճակ:
Բանախոսի կողմից հիմնավոր ներկայացվել է նաև փլուզման սոցիալ–տնտեսական արդի դրսևորումները ։
«1. Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 1991-2010թթ.-ին Հայաստանը լքել է մոտ 925 հազ. մարդ, իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2010թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ երկրի բնակչությունը կազմել էր 3.254.600 մարդ: Այսպիսով, արտագաղթը կազմել է 28,42%:
2. Ըստ ԱՎԾ տվյալների` 2010թ.-ին Հայաստանում ծնելիության ցուցանիշը կազմել է 1,38 (պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է 2,11): Այսպիսով, վտանգված է ազգային անվտանգության հենասյուներից մեկը:
3. Ըստ Վրաստանի հանրային ռեեստրի գործակալության տվյալների` 2010թ.-ին Վրաստանում վերագրանցվել են Հայաստանի 103 բիզնես-միավոր։ Այսպիսով, առկա է բիզնեսի արտագաղթը:
4. 2010թ.-ի ՀՀ բյուջեով նախատեսված էր գնաճ` 4% ± 1,5% (այսինքն` 2,5-5,5%%), սակայն, 2010թ.-ի պաշտոնական գնաճը ՀՀ-ում կազմեց 9,4%: Այսպիսով, սխալ կանխատեսման տիրույթը կազմել է` 71%-ից մինչև 3,76 անգամ։
5. Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների՝ 2007-2010թթ.-ին դեպի Հայաստան ուղղված մասնավոր տրանսֆերտների ծավալները (մլրդ. ԱՄՆ դոլար) կազմել է $1,319 (2007թ.), $1,635 (2008թ.), $1,124 (2009թ.) և $1,293 (2010թ.): Այսպիսով, մասնավոր տրանսֆերտների 2010թ.-ի ծավալները չեն հասել անգամ 2007թ.-ի ծավալներին:
6. Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների` 2007-2010թթ.-ին Հայաստանի արտաքին պարտքի ծավալները (մլրդ. ԱՄՆ դոլար) կազմել է $1,369 (2007թ.), $1,577 (2008թ.), $2,967 (2009թ.) և $3,795 (2010թ.): Այսպիսով, 2010թ.-ի արտաքին պարտքը (44,4% ՀՆԱ-ի նկատմամբ) Հայաստանը մոտեցել է վտանգավոր տիրույթին (50-60%%), որի ժամանակ պետությունը ճանաչվում է սնանկ»,- նշել է բանախոսը։
Այս մասին տեղեկացնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը։

No comments: