Wednesday, February 2, 2011

ՎԻՔԻԼԻԿՍԻ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԾԱՌԱՅԵՑԻՆ ՆՊԱՏԱԿԻՆ

Հակակառավարական ցույցերը Եգիպտոսի գլխավորությամբ շարունակվում են տարածաշրջանի երկրներում
«ԱԶԳ», 02-02-2011- «Վիքիլիկսի» բացահայտումները սկսել էին հրապարակվել դեռեւս անցյալ տարվա հուլիսին: Սակայն դրանք համատարած բնույթ ստացան, հետեւաբար եւ միջազգային լայն հնչեղությունՙ նոյեմբերին, երբ այս կայքը հրապարակ հանեց 1600 գաղտնի փաստաթուղթ: Փաստաթղթերը, մեծապես քաղված լինելով ամերիկյան դիվանագիտական նամակագրություններից, պետքարտուղարության կամ Կենտրոնական հետախուզական վարչության սեփականությունն էին:
Քանի որ փաստաթղթերն առնչվում էին տարբեր երկրների ղեկավարների անձնական կյանքին, ընտանիքի անդամների կամայականություններին, հափշտակված ազգային հարստությունից գոյացած կարողություններին, ի վնաս սեփական պետության Արեւմուտքին արած զիջումներին եւ ազգային շահերին դավաճանելու դրսեւորումներին, հետեւաբար վարկաբեկող էին: Ընդ որումՙ վարկաբեկման գլխավոր թիրախ էին ընտրվել Մերձավոր եւ Միջին Արեւելքի ու հարակից շրջանների, մասնավորապես հյուսիսաֆրիկյան պետությունների ղեկավարները:
Մինչ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները, ընդգծելով բացահայտումների սենսացիոն բնույթը, ջանասիրաբար միջազգային օրակարգում էին պահում հրապարակված փաստաթղթերը, իսկ փաստաթղթերում հիշատակվող պետական գործիչները արդարանում, զայրույթով հերքում մեղադրանքը կամ խուճապի էին մատնվում, «Վիքիլիկսը» շանտաժի կարգով սպառնում էր, թե ձեռքի տակ ունի ավելի քան 250 հազար փաստաթղթեր եւ հրապարակելու է նաեւ դրանք:
Երբ այսպիսի մասշտաբի բացահայտումներ են արվում, ինչպիսին «Վիքիլիկսն» արեց, եւ գաղտնազերծվում են ԱՄՆ-ի պես գերտերության օտարերկրյա ներկայացուցչությունների նամակագրությունը կամ ամերիկյան դիվանագետների գաղտնի հանդիպումների սղագրությունը, ակամա հարց է առաջանում, թե դրանք ինչպես են հայտնվել բացահայտողների ձեռքում, հայտնվե՞լ են, թե՞ ուղղակի կամ միջնորդավորված տրամադրվել: Ավելին, եթե կարելի էր ինտերնետի միջոցով գողանալ այդ փաստաթղթերը, ապա ինչո՞ւ որեւէ կայք մինչ այդ չգողացավ, կամ ինչո՞ւ չկանխվեց «Վիքիլիկսի» համատարած գողությունը: Այս դեպքում էլ պետք է հարցնելՙ ո՞րն է դրա նպատակը:
Թեեւ բարձրացված հարցերից ոչ մեկը նույնիսկ չարծարծվեց, սակայն հունվարի սկզբներին, երբ ծավալվում էին «Վիքիլիկսի» բարձրացրած աղմուկն ու դրանով պայմանավորված իրարանցումը տարածաշրջանում, Դարֆուրը ինքնորոշվեց Սուդանում, որին հետեւեց Լիբանանի կառավարական ճգնաժամը: Մինչ շարունակվում էին ճգնաժամի հաղթահարման միջազգային ջանքերը, հունվարի 14-ին Թունիսում հակակառավարական խռովությունների հետեւանքով տապալվեց նախագահ Զեյնալ Աբիդին բեն Ալին:
Թունիսի օրինակով սկսեցին հակակառավարական ցույցեր ծավալվել Ալժիրում, Հորդանանում, Մավրիտանիայում, Եմենում, Սուդանում եւ Եգիպտոսում: Ցուցարարները Հորդանանում կառավարության, մյուս երկրներումՙ նախագահի հրաժարականն են պահանջում: Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա այնտեղ, բացի հրաժարականի պահանջից, նախագահ Հոսնի Մուբարաքին համարում են ամերիկյան գործակալ եւ «ինքնաթիռը քեզ է սպասում» կարգախոսով ստիպում են նրան, որ հեռանա երկրից: Ըստ երեւույթին, ցուցարարները վճռական են, որ նախորդ օրը մինչ եգիպտական կառավարությունը հրաժարական էր տալիս, նրանք երդվում էին ցույցերը շարունակել մինչեւ Մուբարաքի տապալումը:
Դեռեւս վաղ է ցույցերի ընթացքը կանխորոշել: Պարզապես օրեցօր մեծանում է Մուբարաքի տապալման հավանականությունը, որը խուճապի է մատնել արաբական մյուս երկրների ղեկավարներին, իսկ ցույցերը դարձել են մտահոգության պատճառ ԱՄՆ-ում, Եվրոմիությունում եւ հատկապես Իսրայելում: Դա պայմանավորված է արաբական աշխարհում Եգիպտոսի ծանրակշիռ դիրքով, ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականության մեջ առանցքային դերով, ինչպես նաեւ Իսրայելի ազգային անվտանգության համար ստանձնած պատասխանատվությամբ:
Թերեւս այս ամենի առումով պատահական չէր Բարաք Օբամայի եւ Հոսնի Մուբարաքի վերջին հեռախոսազրույցը, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է. «Կառավարությունը պետք է պահպանի իշխանությունը ոչ թե բռնությամբ, այլ համաձայնությամբ: Դաժանությամբ հնարավոր չէ լուծել եգիպտական ժողովրդի խնդիրները: Եգիպտացիներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան»:
Օբամային լրացրել էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտարարելով. «Մենք Եգիպտոսում չենք ուզում տեսնել այնպիսի զարգացումներ, որոնք երկիրը կտանեն ոչ թե ժողովրդավարացման հունով, այլ ճանապարհ կհարթեն բռնատիրական նոր վարչակարգերի իշխանության համար»: Բռնատիրական վարչակարգերի պարագայում տկն Քլինթոնի ակնարկն իսլամ արմատականների մասին է, որոնք Եգիպտոսում կարող են իշխանության գալ, եթե հակակառավարական ցույցերը վերածվեն համաժողովրդական շարժման:
Ակնհայտ է, որ ցուցարարների դեմ ուժի գործադրումը կնպաստի դրան: Որպեսզի դա տեղի չունենա, Օբաման նախազգուշացրել է Մուբարաքին, իսկ եգիպիտական բանակը հակառակ վերջինի «հակակառավարական խռովությանը միջամտելու կարգադրությանը», հրաժարվել է զենք գործադրել ցուցարարների դեմ:
Այլ կերպ, բանակը հետամուտ է եղել Օբամայի հորդորներինՙ անտեսելով Մուբարաքի կարգադրությունը: Հատկանշական է, որ սկսած 1979-ից եգիպտական բանակին տարեկան 1 մլրդ 300 մլն դոլար օգնություն տրամադրելող ԱՄՆ-ն, որը երկրի տնտեսության պարագայում կազմում է ընդամենը 250 մլն դոլար, նախքան Մուբարաքի հետ Օբամայի հեռախոսազրույցը, վերանայել էր օգնության տրամադրման որոշումը: Կատարել Մուբարաքի կարգադրությունըՙ բանակի համար կնշանակեր առհասարակ զրկվել օգնությունից:
Փաստորեն որոշումը վերանայելու միջոցով ԱՄՆ-ը երկրում բանակի վրա հենվող Մուբարաքին նախապես զրկել էր գլխավոր հենարանի աջակցությունից, որ Եգիպտոսը հանկարծ վերջինի համառության պատճառով չդառնա համաժողովրդական շարժման թատերաբեմ: Ինչ վերաբերում է հակակառավարական ցույցերին, ապա դրանք էլ պետք է լինեն կառավարելի: Ինչպե՞ս: Ցուցարարների հակակառավարական ելույթները համատարած կողոպուտի հետ համադրելով, ինչը տեղի է ունենում Եգիպտոսում այն աստիճանի, որ Կահիրեի բնակիչները սեփական բնակարանը կողոպտիչներից պաշտպանվելու համար մահակներով, կացիններով պահակ են կանգնում սեփական բնակարանների առջեւ:
Ակնհայտ է, որ բնակարանը կողոպուտի սպառնալիքի տակ գտնվող բնակիչները չեն կարող ցույցերին մասնակցել: Դրանով կսահմանափակվի ցուցարարների թիվը: Այսպիսով նրանք ոչ միայն կդառնան վերահսկելի, այլեւ համատարած կողոպուտի պայմաններում նաեւ կվարկաբեկվեն: Դրանով զգալի կդյուրանա Եգիպտոսի նոր իշխանությունը սեփական նախաձեռնությամբ ձեւավորելու Վաշինգտոնի առաջադրանքը: Այսպիսով, կապահովվի ինչպես պաշտոնական Կահիրեի որդեգրած դիրքորոշման, այնպես էլ եգիպտական քաղաքականության շարունակականությունը:
«Վիքիլիկսի» բացահայտումները վարկաբեկեցին տարածաշրջանի երկրների ղեկավարներին: Դրանով սկսվեցին հակակառավարական ցույցերի նախադրյալները: Հիմա արդեն անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար Վաշինգտոնը տարածաշրջանի երկրների ղեկավարներին ոչ միայն չի աջակցում, այլեւ հենարանից է զրկում, որպեսզի համատարած կողոպուտով վարկաբեկված ցուցարարներին վերահսկելու միջոցով բացառի ցույցերի վերածումը համաժողովրական շարժման:
Համենայն դեպս, «Վիքիլիկսի» բացահայտումները ծառայել են նպատակին: Թվում է, թե կծառայի նաեւ ցույցերի վերահսկողությունը: Թեեւ տարածաշրջանում կտապալվեն գործող վարչակարգերըՙ իրենց առաջնորդների հետ, սակայն կապահովվի տարածաշրջանային երկրների ամերիկյան վերահսկողությունն ու քաղաքականության շարունակականությունը: Ինչպես երեւում է դեռեւս 90-ականներին առաջ քաշված «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի իրականացումը Վաշինգտոնը պայմանավորում է բռնատիրական վարչակարգերի տապալմամբ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: