Wednesday, February 2, 2011

Արա Թորանյան. Ցեղասպանության ժխտումը դարձել է սովորական երեւույթ

News.am. 2-2-2011- NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է «Nouvelles d’Arménie» ամսագրի ղեկավար Արա Թորանյանի հոդվածը, որը հրապարակվել է ֆրանսիական «La règle du jeu» պարբերականի կայքում:
Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի նախագահը սովորական երեւույթ է: Այդ պատճառով ոչ ոք տեղին չհամարեց անդրադառնալ հունվարի 27-ին Ստարսբուրգում Աբդուլա Գյուլի արած հայտարարությունը: Պատասխանելով պատգամավորի Ցեղասպանության վերաբերող հարցին` Եվրամիությանն անդամակցելու հավակնություն ունեցող երկրի նախագահը հայտարարեց, որ 1915 թվականի դեպքերը բնութագրող ճիշտ տերմինը «գենոցիդը» չէ եւ չի կարծում, թե Ցեղասպանություն է եղել:
Թուրքական նացիոնալիզմի սահմաններում տեղավորվող հայտարարությանը անդրադառնալու կարիք չէր լինի, եթե այն արված չլիներ Ստրասբուրգում: Այս քաղաքում 1987թ. հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը եւ Թուրքիայի մուտքը Եվրոպա պայմանավորեց Ցեղասպանության դատապարտման հետ: Նույն Ստրասբուրգում 1998թ. ապրիլի 24-ին Եվրոպայի Խորհուրդը նույն հարցով բանաձեւ ընդունեց: Սակայն, ըստ ամենայնի, Թուրքիայի ղեկավարության վրա տպավորություն գործելու համար ավելին է պետք, այլապես ցեղասպանության ժխումն այդ երկրում արդեն ոչ միայն ներքին սպառման գաղափարախոսություն է, այլեւ արտահանման ենթակա երեւույթ:
2005թ. Թուրքիայի արտգործնախարարությունը նույն Աբդուլա Գյուլի գլխավորությամբ Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը պաշտոնապես հռչակեց իր առաջնահերթություններից մեկը: Անկարան միջամտում է պատմական փաստի ճանաչման բոլոր նախաձեռնությունների կասեցմանը:
Դրա օրինակները շատ են: Վերջին ճղճիմ փաստը կշեռքի նժարներին Սինոպում ֆրանսիական EDF-ի հետ ատոմակայան կառուցելն ու Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դնելն էր: Այդ կերպ Թուրքիան փոքր քայլերով, շանտաժի լեզվով կարողանում է ընդմիշտ կոծկել այդ հանցագործություն-տաբուն: Ցեղասպանությունն ավարտին հասցնելու քաղաքականությունը կարող է ի վերջո հաղթել:
Թուրք առաջնորդների հարձակման տակ Եվրոպայում իրական քաղաքականության եւ շուկայի օրենքի պահանջներին համապատասխան երկրորդ պլան են մղվում մարդու իրավունքները: Դրա հետեւանքը կլինի փոքրոգությունը եւ սեփական արժեքներից հեռանալը: Տուժում են ոչ միայն սերունդներն ու ժողովրդավարական արժեքները, այլեւ թուրք ժողովուրդը, որը ազգայնական մոլեռանդության ճիրաններում միավորվում է ավանդական հայատյացության, այժմ էլ հակահրեականության հողի վրա: Այս ամենը ցույց է տալիս, որ Արեւմուտքի պետական շահերի հավերժական զոհերն են արեւելքի քրիստոնյաներն ու փոքրամասնությունները: Այս աճուրդի դահլիճում կարծես թե զարմացող այլեւս չկա:

No comments: