Wednesday, February 2, 2011

ԱՐԱՐԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ»

«ԱԶԳ», 02-02-2011- Օրերս լույս տեսավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Հակոբյանի «Խորհրդային Հայաստանը Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերում»# ծավալուն եւ խիստ արժեքավոր մենագրությունը, որը ծնվել է հեղինակի երկարատեւ տքնաջան պրպտումների արդյունքում: Հակոբյանի կողմից բազմակողմանիորեն ու հմտորեն պատմաքննական անաչառ լուսաբանման են ենթարկվել 1920-ական թթ. Այսրկովկասում ընթացող բարդ ու ոչ միանշանակ գործընթացները: Լիարժեքորեն ու սկզբունքայնության դիրքերից երեւակվում է Հայաստանի խորհրդայնացման բարդ գործընթացը եւ այդ հիմնահարցում տեղ գտած հետագա զարգացումներն ու հնարավոր բոլոր կարեւոր տեղաշարժերը: Հակոբյանի պատմագիտական մեծ արժեք ներկայացնող այս աշխատանքում վերլուծական բարձր մակարդակով բացահայտվել է հիմնախնդրի լուծման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ձեռնարկած միջոցառումներն ու, առհասարակ, այդ ուղղությամբ տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական եւ հատկապես դիվանագիտական գործընթացները: Ընդ որում, հարկավոր է հատուկ ընգծել, որ Հայաստանի համար կենսականորեն մեծ կարեւորություն ներկայացնող այդ հիմնահարցի հոլովույթները ճանաչված մասնագետը դիտարկել է ռուս-թուրքական, հայ-թուրքական եւ հայ-ռուսական հարաբերություններով պայմանավորված համալիր մոտեցումների դաշտում եւ գործնականում նորովի:
Ռազմաքաղաքական եւ միջազգային դիվանագիտության տեսակետից հայ ժողովրդի համար ճակատագրական 1920-1921թթ. ընթացքում կնքվեցին Ալեքսանդրա-պոլի, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը: Դրանք ռուս-թուրքական մերձեցման եւ Ռուսաստանի թողտվությամբ թուրքական հարձակման եւ անհավասար պատերազմում պարտված Հայաստանին ուժով պարտադրված ակտեր էին, որոնցով փաստորեն ՀՀ տարածքները բաժանվեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: Ստեղծված այդ բարդ իրավիճակում նորաստեղծ Խորհրդային Հայաստանի կարգավիճակի ու հետեւանքների խնդիրը մեր պատմության կարեւոր ու վճռորոշ հարցերից է, որի գիտական պատշաճ մակարդակով հանգուցալուծումը տրվել է Ա. Հակոբյանի սույն մենագրությունում: Աշխատություն, որը կոչված է բացահայտելու անցյալի պատմական անարդարությունները, գնահատելու դրանք:
Մեր պատմության մեջ շատ են անարդար հանգուցալուծված հարցերը, որոնցից են 1921թ. բիրտ ուժով Հայաստանին պարտադրված Մոսկվայի խորհրդա-թուրքական եւ Կարսի թուրք-անդրկովկասյան պայմանագրերը, որոնք անդառնալի ու կորստաբեր հետեւանքներ ունեցան եւ այսօր էլ շարունակում են իրենց սեւ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում: Ուսումնասիրության, իրավահաջորդության եւ բովանդա-կության տեսակետից գրեթե նույնացող այդ պայմանագրերի ողջ էությունն ու իմաստը լավ ըմբռնելու համար Ա. Հակոբյանը ճիշտ ուղիով է գնացելՙ նախ առանձին գլխով ներկայացնելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Պայմանագիր, որն ըստ էության ստորագրման պահից իրավական ուժ չուներ, սակայն անկախ ամեն ինչից, համարվում է պատմական փաստաթուղթ եւ անուղղակի կերպով իր ազդեցությունն է թողել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վրա: Հատկապես, որ երեք պայմանագրերով գծված հայ-թուքական սահմանը գրեթե նույնական է:
Խորհրդային տարիներին հասկանալի պատճառներով քիչ ու միակողմանի են ուսումնասիրվել այդ պայմանագրերը, իսկ 1990-ական թթ. սկսած անդրադարձներ կան ժամանակաշրջանի պատմա-իրավական հարցերին նվիրված մեծ թվով ուսումնասիրություններում, որովհետեւ այդ խնդրի վերհանումը եւ բազմակողմանի ուսումնասիրությունն ունի ոչ միայն պատմագիտական, այլեւ քաղաքական արդիական նշանակություն եւ կարեւորություն: Հետխորհրդային շրջանում Հայաստանի երրորդ հանրապետությունը որպես իր կորսված հողերի պահանջատեր իրավասու է չճանաչել տասնյակ տարիներ հայ ժողովրդին պարտադրված այդ պայմանագրերն ընդհանրապես: Իսկ Կարսի պայմանագիրըՙ հատկապես, որովհետեւ Ալեքսանդրապոլի պայմանագիրն առհասարակ երբեւէ չի վավերացվել եւ իրավական ուժ չի ունեցել, իսկ Մոսկվայինըՙ Հայաստանը պարզապես չի ստորագրել:
Աշխատության հեղինակը ցուցաբերելով հարցին խորագիտակ պատմաբանին վայել սկզբունքայնություն, այդ երեք պայմանագրերը դիտարկել է միասնության ու փոխադարձ կապի մեջ: Անհրաժեշտության դեպքում կատարել այդ պայմանագրերի համեմատական վերլուծություն, տվել դրանց պատմաքաղաքական եւ իրավական գնահատականը: Միանգամայն շահեկան է, որ Ա. Հակոբյանը չի զլացել եւ ոչ միայն պայմանագրերի բնագրերը, այլեւ նրանց կից հավելվածների բնօրինակներն ու պատճեները համեմատել ու համադրել է իրար, որոնց արդյուքում բացահայտել է թարգմանությունների ժամանակ թույլ տրված անճշտու-թյուններն ու աղավաղումները:
Օտարազգի եւ հայ հեղինակների բոլոր ուսումնասիրություններին քաջատեղյակ, ճշմարտացի, անկողմնակալ ու սկզբունքային ուսումնասիրող Ա. Հակոբյանը ոչ միայն նշում է, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ առկա են ծայրահեղ գնահատականներ, որոնք արդյունք են միակողմանի եւ կանխակալ մոտեցման, այլեւ օգտագործելով հսկայական փաստագրական եւ արխիվային վավերագրեր, որոնց մի մասը նոր է գիտական շրջանառության տիրույթ տեղափոխվել, հաջողությամբ եւ համակողմանիորեն բացահայտում է հարցի խորքային պատճառահետեւանքային կապերը եւ հայեցակարգային նոր մոտեցումներով եւ մեր օրերում նոր գաղտնազերծված արխիվային փաստաթղթերի լույսի ներքո, օբյեկտիվ լուսաբանողի դիրքերից, վերագնահատում դրանք: Հիմնախնդրին նվիրված այս ծանրակշիռ պատմագիտական երկում խորագիտակ մասնագետի բարձրաճաշակ մոտեցումով ներկայացնելով խորհրդային, սփյուռքահայ, կուսակցա-կան ու «չեզոք» ուսումնասիրողների աչառու եւ կողմնակալ մոտեցումները, Հակոբյանը ցույց է տալիս, որ Հայկական հարցում, այնուամենայնիվ, տեղի են ունեցել անդրկուլիսային բանակցություններ, որոնցում էլ որոշվել են Հայաստանի սահմանները հերթական անգամ ի վնաս հայ ժողովրդի: Իսկ վերոհիշյալ պայմանագրերից հատկապեսՙ Մոսկվայինը, իրավացիորեն որպես գործարք է որակում, որովհետեւ Մոսկվան հայկական հողերի հաշվին տարածքային զիջումներ կատարեց քեմալականներին, որպեսզի նրանց ետ պահեր Անտանտի կողմն անցնելուց եւ, որ Հայաստանի սահմանային հարցը լուծվում էր առանց նրա ներկայացուցիչների գիտության ու մասնակցության: Արդյունքում Առաջին աշխարհամարտում պարտված եւ այդ ընթացքում ծանրագույն հանցագործությունՙ Հայոց ցեղասպանություն կատարած Թուրքիան փոխանակ պատասխանատվության կանչվեր եւ պատժվեր, ընդհակառակը, կեղծ հեղափոխություն ու բարեկամություն խաղալով բոլշեւիկյան Ռուսաստանի հետՙ ոչ միայն պատիժ չկրեց ու չվերադարձրեց Սեւրի դաշնագրով նախատեսված արեւմտահայ նահանգները, այլեւ Մոսկվայի պայմանագրով նույնիսկ որպես պարգեւ ստացավ արեւելահայ տարածքների զգալի մասը:
Հանրագումարի բերելով նշված երեք պայմանագրերի արդյունքները, պրոֆեսոր Հակոբյանը ցավով արձանագրում է, որ այդ հարցում մեղքի իրենց բաժինն ունեին ՀՀ իշխանությունները, որոնք չունենալով այդ լիազորությունը, ստորագրեցին չարաբաստիկ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Թուրքիան, որն օգտվելով ՀՀ-ի ծանր վիճակից, պարտադրեց դրանք, Ռուսաստանը, որը ելնելով բացառապես սեփական շահերից եւ Անտանտի երկրները, որոնք անտարբերության մատնեցին իրենց իսկ կնքած Սեւրի պայմանագիրը: Արդյուքում Թուրքիային անցան Կարսի մարզը 17250 քառ.կմ. եւ Սուրմալուի գավառըՙ 3450 քառ. կմ., ընդամենը 20700 քառ.կմ. արեւելահայ տարածք: Բացի այդ, Թուրքիայի պահանջով Նախիջեւանի մարզըՙ 5500 քառ.կմ. եւ Ղարաբաղըՙ 4160 քառ.կմ. նվիրաբերվեցին Ադրբեջանին, այսինքն, 1920-1921թթ. Հայաստանից խլվեց նրա ունեցած իրական տարածքի կեսից ավելինՙ 20700+9660 30360քառ.կմ.:
Իհարկե, պայմանագրերը հավերժական չեն, իսկ ուժի պարտադրանքով կնքվածներնՙ առավել եւս: Հայ հանրույթը չի հաշտվել երբեք եւ կանի ամեն ինչ արդարությունը վերականգնելու համար: Իսկ պրոֆեսոր Հակոբյանն իր այս աշխատությունով գալիս է մաս կազմելու պատմաբանների այն փաղանգին, որոնք իրենց առջեւ դրված հարցերի ուսումնասիության բնագավառում գնում են մինչեւ հնարավորինս ավարտուն հանգուցալուծման եւ իրենց արժանի նպաստն են բերում հօգուտ դրա: Կարծում ենք, որ հարգարժան պրոֆեսորի այս մենագրությունն իր լիովին արժանի տեղը կգտնի պատմաբանների, քաղաքագետների, ինչպես նաեւ ընթերցող լայն հասարակության եւ, ընդհանրապես Հայկական խնդրով հետաքրքրվող անձանց համար:
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ Պատմ. ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

No comments: