Wednesday, February 2, 2011

Օբաման Մուբարաքին կոչ է արել անմիջապես սկսել իշխանության փոխանցման գործընթացը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը պարտավոր է անմիջապես սկսել իշխանության փոխանցման գործընթացը:
Օբաման նշել է, որ Մուբարաքի հրաժարականը պահանջող ցուցարարների ձայնը լսելի է ամբողջ աշխարհում եւ բողոքի խաղաղ գործողությունները ոգեշնչում են մարդկանց:
ԱՄՆ նախագահի խոսքով, փոփոխությունները Եգիպտոսի իշխանության համակարգում պետք է լինեն զգալի, խաղաղ եւ սկսվեն անհապաղ: Օբաման սխալ է համարել նախագահի ընտրությունները մինչեւ սեպտեմբեր թողնելը: Այդ առաջարկը փետրվարի 1-ին արել էր Մուբարաքը` խոստանալով չառաջադրվել: Օբաման նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի միջամտելու եգիպտական իշխանափոխությանը:
Օբաման դրվատանքի խոսքեր է ուղղել եգիպտական բանակին, որը չի խոչընդոտում խաղաղ ցույցերին:
Հաղորդվում է նաեւ, որ Օբաման ու Մուբարաքը 1,5 ժամանոց հեռախոսազրույց են ունեցել:

No comments: