Wednesday, February 2, 2011

Չավուշօղլուն հասավ Օսվենցիմ

Tert.am. 2-2-2011- Լեհաստանում գտնվող Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում կազմակերպված Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է նախարարի մակարդակով։
Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ՝ Օսվենցիմում կազմակերպված արարողությանը մասնակցել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը։ Արարողությանը ներկա է գտնվել նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ այս տարի Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մակարդակով ոգեկոչվեց Հոլոքոստի զոհերի հիշատակը։
Հունվարի 27-ին՝ Հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիայի գլխավոր ռաբբիի և հրեական համայնքի կողմից Նևե Շալոմ սինագոգում կազմակերպված ոգեկոչման արարողությանը Թուրքիայի արտգործնախարարության անունից մասնակցել էր դեսպան Էրթան Թեզգյորը, Ստամբուլի նահանգապետ Հուսեյին Ավնի Մութլուն և քաղաքապետ Քադիր Թոփբաշը։
Նշենք, որ ամեն տարի Հոլոքոստի զոհերի հիշատակման օրը թուրքական իշխանությունները հանդես են գալիս հայտարարությամբ։ Սակայն ոգեկոչման արարողություններին պաշտոնական մակարդակով մասնակցում էին առաջին անգամ։

No comments: