Tuesday, February 1, 2011

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԸ` «ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԻ ԱՄԵՆԱԹԱՐՄ ՕՐԻՆԱԿ»

«ԱԶԳ», 01-02-2011- Հայաստանը ողջունում է Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, եւս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այսպես է մեկնաբանել Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի արդյունքները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցին:
«Հարավային Սուդանի բնակչության այս ընտրությունը արդեն շուրջ 60 տարի ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր, տեղի ունեցող ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ամենաթարմ օրինակն է եւ առկա խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհ, որը միանշանակ ողջունվում է միջազգային հանրության կողմից», նշել է Նալբանդյանը:
Նախարարը հույս է հայտնել, որ իր կամարտահայտությամբ ընտրելով սեփական ճակատագիրը տնօրինելու ուղին` Հարավային Սուդանը հաջողության կհասնի անկախ պետականության հաստատման եւ կայացման գործում:
Հունվարի 9-15-ը Հարավային Սուդանում տեղի ունեցած հանրաքվեի նախնական արդյունքներով, քվեարկությանը մասնակցած ընտրողների ավելի քան 99 տոկոսը կողմ է քվեարկել Հարավային Սուդանի առանձնացմանը հյուսիսից` վերջ դնելով տասնամյակներ տեւած քաղաքացիական պատերազմին: Այս արդյունքները դեռեւս չեն ամբողջացնում քվեարկության` Հյուսիսային Սուդանում եւ 8 տարբեր երկրներում հարավսուդանյան սփյուռքի ձայների հաշվարկը, որը սակայն ընդհանուրի շատ փոքր մասն է կազմում:
Այս հանրաքվեն նախատեսված էր դեռեւս 2005-ին, երբ համաձայնությամբ վերջ դրվեց տասնամյակներ տեւող եւ Աֆրիկայի ամենաերկար, ավելի քան 2 մլն մարդու կյանք խլած քաղաքացիական պատերազմին երկրի հյուսիսի եւ հարավի միջեւ: Սուդանի նավթաբեր հարավային 10 նահանգներից հինգը այս հանրաքվեում քվեարկել են 99.9 տոկոս կողմ` ապրելու առանձին եւ ինքնուրույն:
Խմբ. կողմից.- Կիրակի օրը Սուդանի մայրաքաղաք Խարթումում նույնպես սկսվեցին հակակառավարական խռովություններ, որոնք շարունակվելու պարագայում կարող են կասկածի տակ դնել հանրաքվեի արդյունքները:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: