Friday, February 25, 2011

Հովիկ Աբրահամյանն ու Պիտեր Սեմնեբին քննարկել են ԼՂ հարցը, հայ-թուրքական հարաբերությունները

Tert.am. 24-2-2011- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին` նրա լիազորությունների ժամկետը ավարտվելու կապակցությամբ:
ԱԺ նախագահը բարձր է գնահատել Սեմնեբիի կատարած աշխատանքը, որը մեծապես նպաստել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը, նշել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Եվրամիության հետ փոխգործակցությունը, իսկ Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանի և ԵՄ-ի միջև դինամիկ կերպով զարգացող քաղաքական երկխոսությունը նոր որակական մակարդակի վրա է դրվել:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և ներկայացնելով իր հնգամյա գործունեության արդյունքները` Պիտեր Սեմնեբին կարևոր ձեռքբերում է համարել Եվրամիության ներսում Հայաստանի մասին տեղեկացվածության բարձրացումը, ինչպես նաև ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկը, ինչը նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ էլ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով:
Ինչպես հայտնում են ԱԺ-ից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

No comments: