«ԱԶԳ», 25-02-2011- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նորընծա նախագահ Խորդի Քսուկլա ի Կոստան ասում է, թե որպես միջնորդ պատրաստվում է ցուցաբերել անաչառ եւ մասնագիտական մոտեցում Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության հարցում:Համալսարանում իրավաբանության դասախոս պրն Կոստան պնդում է, որ ԵԽԽՎ-ում հավանաբար կան խորհրդարանի շատ այլ անդամներ, որոնք տարածաշրջանին ավելի լավ են ծանոթ, սակայն նրանց մեղադրում են Ադրբեջանի կամ Հայաստանի հանդեպ իրենց կողմնակալ մոտեցման համար: Այդ իսկ պատճառով Կոստան համոզված է, որ իր նշանակումը կբացառի նման մեղադրանքները, քանի որ նա այս հարցում շահագրգիռ կողմերից եւ ոչ մեկին չի ներկայացնում:
Panorama.am-ին տված հեռախոսազրույցում Քսուկլա ի Կոստան պարզաբանել է, թե ենթահանձնաժողովի թարմացված օրակարգը ենթադրում է, որ այս տարեվերջին կներկայացվի «եզրակացությունների նախագիծ»` տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ: «Այս շրջանում ես այնքան էլ շատ չեմ խոսի. սա է հաջողված գործողությունների պայմանը», հավատացրել է Քսուկլա ի Կոստան:
Կոստան մասնավորապես ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը միջազգային իրավունքում հստակ արտահայտված դեպք է, որը, ըստ նրա, «վիճաբանություն է երկու (ինքնիշխան) երկրների միջեւ, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության (սկզբունքների - Panorama.am) միջեւ»:
«Սա հակամարտություն է երկու կողմերի միջեւ, ոչ ավելին... սա [կոնֆլիկտ է] Լեռնային Ղարաբաղի համար, որը անկախ գործոն չէ այս գործընթացում եւ հակամարտության մաս է», ասել է Կոստան, ավելացնելով, թե ԼՂ հարցը տարածքային կոնֆլիկտ է:
Նման անհեթեթ մտքերով իրավաբան ներկայացողի համար անհամատեղելի դիրքորոշում ունեցող Կոստան, հետաքրքրական է, թե ինչպես է լինելու անկողմնակալ, ավելինՙ ինչպես է աշխատելու ենթահանձնաժողովի աշխատանքներին բացարձակապես դեմ արտահայտված ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment