Wednesday, February 16, 2011

Դեսպան. Իրանի Իսլամական հեղափոխությունն իր տեսակի մեջ բացառիկ էր

Panorama.am. 16-2-2011- ԵՊՀ-ն ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը այսօրվանից համատեղ ուժերով «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայի շրջանակներում միջազգային գիտաժողով են անցկացնում:
Գիտաժողովը նվիրված է Իրանում Իսլամական հեղափոխության 32-րդ տարելիցին: Գիտաժողովում զեկույցով հադես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը: Մինչ դեսպանի զեկույցը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը մեծ հետաքրքրությամբ հետևում է Իսլամական հեղափոխության ոչ միայն իրադարձություններին, այլև` հեղափոխության հետևանքով զարգացման ուղի բռնած բարեկամ երկրի նվաճումներին, խնդիրներին: Միևնույն ժամանակ Ա. Սիմոնյանը, նշեց, որ հետաքրքրական են ոչ միայն հեղափոխության գաղափարական հիմքերը, այլև` նրա պրակտիկան, գործնական հետևանքներն ու նշանակությունը:
«Իրանի Իսլամական հեղափոխության քննարկումը այդ հեղափոխության մասին վերլուծություններն ընդհանուր կոնտեքստում քաղաքակրթական մակարդակի վրա, մեզանում քիչ է ձեռնարկվել: Մինչդեռ այն ունի քաղաքակրթական նշանակություն ու նախ և առաջ մենք մեր հետազոտություններում, սեմինարներում, քննարկումներում պետք է ելնենք դրանից: Ամեն հեղափոխություն չէ որ ունենում է հեռու գնացող հետևանքներ, հեղափոխություներ կան, որ բավարարվում են զուտ հեղաշրջման մակարդակով, կամ այդ մակարդակի խնդիրներ լուծելով: Բայց լինում են հեղափոխություններ, որոնք հարթում են ուղի, որը տանում է դեպի հեռուն, միտված է ապագային ու այլևս հնարավորություն չի ընձեռում հետ նայելու»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:

Ըստ նրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը հեղափոխությունից հետո մեծ նվաճումներ է ունեցել, նա դարձել է ոչ միայն տարածաշրջանային, այլ ընդհանրապես, ազդեցիկ, ուժեղ երկիր ու այսօր որոշակի դերակատարություն ունի Մերձավոր ու Միջին Արևելքում` հանդիսանալով անցյալի հարուստ ժառանգության կրողն ու պետականության կառուցման ոլորտում նոր գաղափարների, նոր ուղիների կրող:
«Մենք որպես բարեկամ ժողովուրդ ու ոլորտի մասնագետներ, պարտավոր ենք հետազոտել ու լավ հասկանալ հեղափոխության գաղափարները, թե ինչպիսի պրակտիկ լուծումներ են առաջարկում Իրանում հասարակության առաջաընթացի, երկրի բարգավաճման ու նրա հզորացման համար»,-ասաց Ա. Սիմոնյանը:

Հենց այս տեսակետից էլ, ողջունելով գիտաժողովի անցկացումը, ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ այսօր դիտարկումները կօգնեն լավ հասկանալու Իրանի Հանրապետության դերն ու նշանակությունն այսօրվա աշխարհում:

ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը խոսելով հեղափոխության մասին նշեց, որ իշխանություններ փոխելու ցանկությամբ կատարված այլ հեղափոխությունների համեմատ Իրանի Իսլամական հեղափոխությունը իր տեսակի մեջ բացառիկ էր:
«Այս հեղափոխության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չի նախաձեռնվել որևէ զինված խռովարար ուժի կամ հեղափոխական առաջնորդի կողզմից, որն իր հետ պարտիզանական ուժեր ուներ ու նրանց օգնության հեղափոխություն կատարեց: Հեղափոխության առաջնորդն առաջին հերթին փիլիսոփա էր, մարդագետ, կարողանում էր ուսումնասիրել մարդու էությունն ու Իսլամի մեծագույն դեմեքերից մեկն էր»,-եզրափակեց Հայաստանում Իրանի դեսպանը:

No comments: