Wednesday, February 16, 2011

Իրան-Հայաստան նավթամուղով Ադրբեջանի կոմունիկացիոն շրջափակման շանտաժը ի չիք է դառնում. Դավիթ Ջամալյան

Tert.am. 16-2-2011- Հունվարի 29-ին ձեռք բերվեց Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման համաձայնագիր, որը չէր կարող անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Բոլոր ադրբեջանական վարչակարգերը անկախացումից ի վեր մեր դեմ ինչ-որ չափով գործուն լծակ են փորձել կիրառել` տնտեսական-կոմունիկացիոն շրջափակում: Քարոզչական թեզ են ձևավորել, ըստ որի՝ մեր բոլոր տնտեսական խնդիրները Արցախի պատճառով են: Եվ փորձել են սա արմատավորել Հայաստանի հանրութան մեջ: Այս նավթամուղով Ադրբեջանի կիրառած կոմունիկացիոն շրջափակման շանտաժը ի չիք է դառնում: Եվ սա Բաքվում հասկանում են, և առաջացել է հակաիրանական հիստերիա. Միլի մեջլիսում տեղի են ունենում հակաիրանական կոչեր, կազմակերպվում են միտինգներ` 20-30 հոգանոց»,- նշեց բանախոսը:
Ջամալյանը վստահ է, որ Ադրբեջանում էլ են գիտակցում` միայն պատերազմով սպառնալով զիջումների չես հարկադրի, և ողջ քարոզչական ռեսուրսը գործի են դրել, որպեսզի ստիպեն Իրանին հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածությունից:
«Չեմ կարծում, թե Իրանը կտրվի այս սադրանքներին, և կարծում եմ` Ադրբեջանի հիստերիան էլ հուշում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասաց նա:
Իրանագետ Մհեր Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի հակաիրանական հիստերիան ուղղորդվում է արտաքին աշխարհի կողմից:
«Ադրբեջանցիները բարձրացնում են թուրքախոս իրանցիների խնդիրը, որոնց անվանում են ադրբեջանցիներ: Բայց ադրբեջանցին քաղաքացիություն է, ոչ թե ազգություն: Ադրբեջանը նշում է, որ նրանք պետք է միանան Ադրբեջանին, որը նոր խնդիր չէ: Այստեղ ավելի շատ աշխատում է արևմտյան գործոնը: Օգտագործում են Ադրբեջանին Իրանում ներքին հակասություններ ստեղծելու, հրահրելու համար»,- ասաց իրանագետը:
Մհեր Բաղդասարյանը նշեց, որ հեղափոխությունից հետո Իրանում չկա ազգային փոքրամասնությունների խնդիր:
«Կան կրոնական փոքրամասնություններ և վերջ: Իրանը չունի ադրբեջանցիների խնդիր: Բոլորը իրանցի են, բոլորը ապրում են Իրանում և գոհ են»,- ասաց Բաղդասարյանը:

No comments: