Wednesday, February 23, 2011

«Հայկական ժամանակ». Սերունդները մեզ չեն ներելու ժողովրդավարության հաստատումը ԼՂ կորստյան գնով. Լևոն Զուրաբյան

Օրաթերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացված է ստորև:

-Հասկանալի է, որ իշխանության շրջանում լարվածություն կա, բայց նաև շատ լարված տրամադրություններ են հասարակության շրջանում։ ՀԱԿ-ը ի՞նչ է անելու հիմա։ Հայտարարվեց, որ հանրահավաքային շարժում է սկսվելու, հետո՞ ինչ է անելու։
-Կոնգրեսը անշեղորեն գնում է իր ճանապարհով, որի նպատակն է՝ պարտադրել արտահերթ ընտրություններ։ Մեր նպատակը այն է, որ կարողանանք թավշյա հեղափոխության միջոցով հաստատել ժողովրդավարություն, ինչը նշանակում է, որ պետք է ամեն ինչ անենք, որ չլինի արյունահեղություն, ռազմաճակատում և դիրքերում քայքայում։ Մենք չենք ցանկանում, որ այս քաղաքական գործընթացի հետևանքով լուրջ ավերածություններ լինեն, կորուստներ և՛ ժողովրդի, և՛ պետականության համար։ Արաբական հեղափոխական շղթայի երկրներից ոչ մեկը Ղարաբաղի նման խնդիր չունեին, և մեզ համար ակնհայտ է, որ երկարատև քաոսի պայմաններում Ադրբեջանը կհարձակվի ԼՂ-ի վրա։ Սա մի իրավիճակ է, որը չենք կարող թույլ տալ։ Առավելևս, որ իշխանությունը քննարկում է այն սցենարը, որ տնտեսական կոլապսի և հնարավոր պատերազմի պարտության մեղավորությունը վերագրեն ընդդիմության ստեղծած քաոսին։ Մեր խնդիրը բարդ է։ Մենք իրավունք չունենք արկածախնդիր լինելու։ Մենք պետք է ապահովենք սահուն քաղաքական գործընթաց։ Սերունդները մեզ չեն ներելու ժողովրդավարության հաստատումը ԼՂ կորստյան գնով։ ժողովուրդը պետք է հասկանա, որ հաջողության գրավականը իր հետևողականությունն է և հանրահավաքների մարդաշատությունը։ Այնպիսի հանրահավաքների դեպքում, որտեղ, կարելի է ասել, ոտքի է կանգնած ամբողջ ժողովուրդը, իշխանությունը չի կարողանալու իրականացնել իր պրովոկացիոն սցենարները և ստիպված է լինելու զիջել։

No comments: