Wednesday, February 16, 2011

ԻՆՉՈՒ Է ԿԱՆԳ ԱՌԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Լրագիր» 16-2-2011- Նախորդ տարվա վերջին մեկնարկած շռնդալից կադրային փոփոխությունները կարծես թե կանգ են առել: Ահագին ժամանակ է, ինչ որեւէ բաձրաստիճան պաշտոնյա չի թողել իր պաշտոնը: Մինչդեռ ասել, թե այդպիսի անհրաժեշտություն այլեւս չկա, կլինի սխալ: Այնքան մարդ կա, որոնց արժե փոխել: Ինչո՞ւ է կանգ առել Սերժ Սարգսյանը: Հնարավոր է այդ կանգառի բացատրության մի քանի տարբերակ:

Ըստ երեւույթին, արդեն իսկ տեղի ունեցած կադրային փոփոխությունները բավական լուրջ խուճապ էին առաջացրել իշխանական համակարգում: Սերժ Սարգսյանը գուցե անհանգստացավ, որ այդ խուճապը կարող է դառնալ անկառավարելի եւ կարող է իր դեմ հանել համակագի զգալի մասին, առավել եւս, որ վերջերս հերթական ակտիվությունը ցուցաբերեց Ռոբերտ Քոչարյանը: Համակարգը կարող է հիշել, որ Քոչարյանի ժամանակ կարծես թե այդպիսի կադրային “շքերթներ” տեղի չէին ունենում: Իսկ եթե հանկարծ համակարգն անցավ Քոչարյանի կողմը, այն էլ ընտրություններից մեկ տարի առաջ, այն արդեն հետ չես բերի, եւ կմնա հետեւել համակարգի օրինակին:

Թերեւս այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը որոշել է դադար տալ եւ չխրտնեցնել համակարգը: Բայց, մյուս կողմից, այդ դադարն այդքան էլ չի խոսում Սարգսյանի օգտին: Բանն այն է, որ նա այդպիսով կամա թե ակամա ցույց է տալիս, որ իր իշխանությունը բավական թույլ է եւ ինքը չի տիրապետում իշխանական համակարգին: Քոչարյանի ակտիվացման ֆոնին Սերժ Սարգսյանի լավագույն պատասխանը կլիներ հենց այն, որ նա կատարեր նոր կադրային փոփոխություններ, հատկապես այն շրջանակներում, որոնք համարվում են այսպես ասած քոչարյանական կադրեր: Այդ քայլն առավել քան ազդեցիկ կլիներ հատկապես Քոչարյանի այն արտահայտության ֆոնին, թե ինքն է տարբեր կադրերի հորդորել մտնել ՀՀԿ եւ ուժեղացնել այն:

Բայց այն, որ Սերժ Սարգսյանը ընդհատել է կադրային փոփոխությունների գործընթացը, հուշում է, որ այդուհանդերձ նա չունի բավարար ուժ Քոչարյանին լրջորեն հակադրվելու համար եւ նախընտրում է ամեն ինչ անել շատ դանդաղ: Բայց բանն այն է, որ Սարգսյանը ժամանակ էլ չունի, որովհետեւ եթե մինչեւ խորհրդարանի ընտրություն նա ցույց չտվեց իր լիարժեք իշխանության ապացույցներ, խորհրդարանի ընտրությանը նրա իշխանական “բաժնետոմսերը” կտրուկ կարժեզրկվեն:

Կադրային “կանգառի” հնարավոր մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է նախընտրական տարում համամասնորեն բաշխել կադրային զտումների գործընթացը: Միգուցե նա մի քիչ ոգեւորվելով չափից կարճ ժամանակահատվածում չափից շատ փոփոխություններ կատարեց, եւ այժմ դադար է տվել, որպեսզի նախընտրական տարվա ընթացքում այդ փոփոխությունները շարունակելով կարողանա վարկանիշային հարցեր լուծել: Ասենք, կան հանելու ենթակա 15 անձինք, որոնք պետք է առաջիկա մեկուկես տարվա վրա բաշխվեն համամասնորեն, որ վարկանիշային էֆեկտ տան: Մինչդեռ համամասնությունը գուցե խախտվել է, եւ հիմա դադարը կօգնի վերականգնել այն: Իսկ հետո փոփոխությունները կիրականացվեն ավելի զուսպ ռեժիմով, իսկ դրանց կուլմինացիան կապահովվի 2012-ի խորհրդարանի ընտրությանը հնարավորինս մոտ:

Գուցե Սերժ Սարգսյանն ունի նաեւ կանգառի այլ պատճառներ կամ շարժառիթներ: Կամ չկա կադրային նոր փոփոխության պատճառ ու շարժառիթ: Ինչ խոսք, ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանը նրա ունեցած ելույթը բոլորովին այլ մարտավարություն էր հուշում եւ հիմք տալիս ենթադրել, որ կանգառի փոխարեն լինելու էր փոփոխությունների առավել մեծ դինամիկա: Բայց, մյուս կողմից, վաղուց հայտնի ճշմարտություն է, որ երկրում որակական փոփոխության հասնելու առումով իշխանության խոսքն ու գործը որեւէ ընդհանրություն չունեն: Իրավիճակն ընդամենը հերթական անգամ ապացուցում է այդ օրինաչափությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: