Tuesday, February 1, 2011

Էջմիածնում կտեղադրվի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արևմտահայ մտավորականների քանդակները

Panorama.am. 1-2-2011- Այս տարի Էջմիածին քաղաքում կտեղադրվի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արևմտահայ մտավորականների քանդակները` մեկ քանդակախմբում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քանդակագրոծ Լևոն Թոքմաջյանը, ով քանդակախմբի հեղինակն է:
Նա նշեց, որ քանդակն անվանակոչել է «Տագնապ», որտեղ ընդգրկել է Կոմիտասի, Գ. Զոհրապի, Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Երուխանի, Ռ. Սևակի, Տիրան Չռակյանի, Ռուբեն Զարդարյանի, Թլկատենցի քանդակները: ««Տագնապ» քանդակում ես ընդգրկել եմ նաև Սիամանթոյի մորը, և մեկ երեխայի, ում ներկայացնում եմ, որպես Հայոց Եղեռնի ականատես: Երեխայի ձեռքին քանդակել եմ այբբենարան` ցանկանալով ներկայացնել, որ ամենաթանկ բանը երեխան փորձում է փրկել: Իսկ քանդակի պադվանդանից մի քիչ ներքև տեղադրվելու է որպես ապագա սերնդի սիմվոլ` իմ քանդակը, ով ծաղկեպսակ է դնում հայոց մեծերի հուշարձանին»,-ասաց քանդակագործը:
Լ. Թոքմաջյանը նշեց, որ այս քանդակի նախաձեռնությունն իրեն է: «2005 թվականին, երբ նշվում էր Մեծ Եղեռնի 90-ամյա տարելիցը, ես դիմեցի այն ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` իմ այս մտահղացումը իրականացնելու համար: Վարչապետը մեծ ուրախությամբ ընդունեց իմ առաջարկը, իսկ ՀՀ մշակույթի նախարարություն էլ ֆինանսավորեց քանդակի համար»,- հավելեց նա:
Քանդակագործը նշեց, որ «Տագնապ» քանդակով փորձել է ներկայացնել պատմական դառը ճշմարտությունը: «Այս քանդակն անվանել եմ տագնապ, քանի որ բոլոր մտավորականներն այդ օրերին տագնապի մեջ են եղել»,-հավելեց նա
Լ. Թոքմաջյանի խոսքով, «Տագնապ» քանդակը տեղադրվելու է Կոմիտասի անվան ակումբի դիմաց 70 սմ բարձրության պատվանդանի վրա: «Քանդակը տեղադրվելու է էջմիածնում, քանի որ այն կարևոր մի օրրան է եղել արևմտահայության համար»,- ասաց Լ. Թոքմաջյանը: «Տագնապ» քանդակի կերպարներն ունեն մոտ 2 մետր բարձրություն և քանդակված են բազալտ քարից:

No comments: