«Լրագիր» 9-2-2011- Գլոբալ անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ Մյունխենի ամենամյա ներկայացուցչական համաժողովը եւս մեկ անգամ ընդգծեց գլոբալ անվտանգության հարցերում Հայաստանի տեղի եւ դերի անորոշությունը: Համաժողովն անցավ, իսկ Հայաստանի հասարակության համար առ այսօր պարզ չէ, թե ինչ կլիներ, եթե օրինակ այդ համաժողովին Հայաստանը ոչ թե նախագահի, այլ արտգործնախարարի մակարդակով ներկայանար: Ավելին, թերեւս աներկբա է, որ գրեթե ոչինչ չէր փոխվի, եթե Հայաստանն այդ համաժողովին ներկայանար արտգործնախարարության որեւէ վարչության պետի մակարդակով, կամ չներկայանար ընդհանրապես:Ինչ որ առումով զավեշտալի այդ իրավիճակն իրականում վկայում է Հայաստանում առկա շատ լուրջ բացի մասին: Այդ բացը վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյոք որն է մեր տեղը եւ ինչն է մեր դերը գլոբալ անվտանգության խնդիրներում: Հայաստանը գլոբալ անվտանգության սպառող է միայն, թե ինչ որ առարկայական լումա ունի այդ անվտանգությանը վերաբերող գործընթացներում: Այստեղ իհարկե գուցե ոմանք հիշատակեն այն, որ Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանն Աֆղանստանում եւ Կոսովոյում, որ Հայաստանը մասնակցում էր Իրաքում ամերիկյան առաքելությանը: Բայց պարզ է, որ դրանք ընդամենը ձեւական, խորհրդանշական օրինակներ են, որոնց լինել-չլինելը եթե ինչ որ բան փոխում է, ապա առավելապես Հայաստանի իշխող վերնախավի, իսկ պետության եւ հասարակության համար ընդամենը հպանցիկ:
Բանն այն է, որ գլոբալ անվտանգության գործընթացում, գլոբալ անվտանգության համակարգում Հայաստանի տեղի եւ դերի հարցը պայմանավորված է այն բանից, թե ինչ որակի պետություն է Հայաստանը: Քանի դեռ հստակ պատասխան չի տրվել այդ հարցին, գլոբալ անվտանգության համակարգում, դրա ձեւավորմանը, կայացմանը կամ վերափոխմանը վերաբերող գործընթացներում Հայաստանի տեղի ու դերի մասին հարցը մնալու է անպատասխան: Բանն այն է, որ այդ գործընթացներում տեղն ու դերը պայմանավորում են այն արժեքները, որոնցով ապրում է տվյալ պետությունն ու հասարակությունը: Մինչդեռ Հայաստանում այդ հարցի պատասխանը չկա: Հայտնի չէ, թե ինչ արժեքներով է ապրում Հայաստանը:
Ժամանակակից Հայաստանը հանդիսանում է արժեքների եւ քաղաքակրթական ազդեցությունների մի խառնարան, որտեղ ընտրությունը կատարվում է ելնելով մի գլխավոր նպատակից` որքանով ընտրված արժեքը կծառայի իշխող համակարգի անվտանգությանն ու վերարտադրությանը: Հայաստանում արժեքները չեն դիտվում պետական կամ ազգային անվտանգության տեսանկյունից: Դա երկրորդական խնդիր է: Առաջնային է համարվում այն “արժեքը”, որը անվտանգ է դարձնում իշխող համակարգի վերարտադրությունը: Որպես հետեւանք, երբ իշխող “վերնախավը” իր առաջ դնում է արդեն պետական կամ ազգային անվտանգության ապահովման հարցը, այն հիմնավորապես զուրկ է լինում արժեքային բաղադրիչից:
Ավելին, անվտանգության հարցն ինքնին արդեն դառնում է իշխանության վերարտադրությանը նպաստող “արժեքներից” մեկը, այդպիսով զրկվելով հեռանկարային խորքից եւ վերածվելով մակերեսային, այսրօպեական, առավելագույնը` միջնաժամկետ մի խնդրի: Հայաստանում առավելապես այդ տրամաբանության շրջանակում են դիտարկվում համաշխարհային անվտանգության համակարգերի հետ երկրի փոխհարաբերությունները:
Հետեւանքն այն է, որ այդ համակարգերի հետ փոխհարաբերությունների գլխավոր, առաջնահերթ խնդիր է դիտվում որեւէ անտեղի, անհարկի խոսքով չհարուցել որեւէ մեկի դժգոհությունը, չառարկել ոչնչի, հանդես չբերել որեւէ նախաձեռնություն, այլ ընդամենը գտնել թե այս, թե այն համակարգի պահանջները բավարարելու մինիմումը, իսկ եթե ստացվի ավելին, ապա էլ ավելի լավ:
Այդ իմաստով, ակնհայտ է, որ Հայաստանի հանդեպ ավելին են այդ անվտանգության համակարգերից ռուսականի պահանջները: Թերեւս դա կարելի է համարել նաեւ պատճառներից մեկը, որ Հայաստանն իր անվտանգության գլխավոր աղբյուր է ընտրել Ռուսաստանը: Այսինքն, այդ ընտրությունը փաստացի կատարվում է հակադարձ տրամաբանությամբ` որտեղից Հայաստանի իշխող վերնախավը ավելի մեծ վտանգ է զգում իր համար, այդտեղն էլ “ընտրում” է որպես ազգային անվտանգության աղբյուր:
Ստացվում է պարադոքսալ կամ աբսուրդային մի վիճակ: Բայց դա ամենեւին զարմանալի չէ, քանի որ այդպիսի վիճակներից պետությունները թե ազգային անվտանգության, թե որեւէ այլ հարցում ձերբազատվում են միայն իրենց ներքին կյանքում արժեքային հստակեցումներ կատարելու դեպքում, քանի որ միայն սեփական արժեքներն ունենալու պարագայում է հնարավոր կարգավորել եւ հստակեցնել այլ արժեքների հետ հարաբերություններն ու դրանք դարձնել կանխատեսելի եւ տրամաբանական:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment