Wednesday, February 23, 2011

ՀՈՐ ՄԵՐՁԱՎՈՐՆԵ՞Ր, ԹԵ՞ ԿՆՈՋ ԸՆՏԱՆԻՔ

Ադրբեջանում «պայքարում են կոռուպցիայի դեմ»
«ԱԶԳ», 23-02-2011- Փետրվարի 21-ից Բաքվում եւ Թբիլիսիում Իսրայելի դեսպանատները վերականգնեցին իրենց աշխատանքը: Հիշեցնենք` Թել Ավիվը «տեխնիկական պատճառներով» դադարեցրել էր դեսպանատների գործունեությունը Ադրբեջանում եւ Վրաստանում: Ավելի վաղ, սակայն, Իսրայելի Ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեն Հարավային Կովկասի երեք պետությունները ներառել էր իր կազմած այն երկրների ցուցակում, որտեղ «առկա է ահաբեկչության վտանգ»: Այս «բացահայտումից» հետո կոնկրետ Բաքվում ոչ միայն փակվեց Իսրայելի դեսպանատունը, այլեւ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան հորդորեցին իրենց քաղաքացիներին կամ չմեկնել Ադրբեջան, կամ մեկնելիս ձեռնարկել «անվտանգության բոլոր միջոցառումները», քանի որ «Ադրբեջանում առկա է ահաբեկչության վտանգ»:
Ավելին` փետրվարի 17-ին, երբ Մեթյու Բրայզան հենց նոր էր Իլհամ Ալիեւին փոխանցել իր` ԱՄՆ դեսպանի հավատարմագրերը, հայտարարեց. «Ադրբեջանում ահաբեկչության վտանգի մասին տեղեկությունները բավականին լուրջ էին»:
Այս հայտարարությունից անմիջապես հետո Իսրայելը եւս մեկ անգամ, կրկին «տեխնիկական պատճառներով», փակեց իր դեսպանատունը Բաքվում եւ Թբիլիսիում, եւ միայն փետրվարի 21-ին ադրբեջանցի լրագրողներին հաջողվեց կապվել իսրայելցի դեսպան Միխաել Լավոն Լոտեմի հետ, որը «ավետելով», որ դեսպանատունն այսուհետեւ աշխատում է, ասաց. «Մենք ունեինք տեխնիկական խնդիրներ` հեռախոսային կապի հետ կապված, այժմ այդ խնդիրները հաղթահարված են»: Հավելենք նաեւ, որ դեռեւս հայտնի չէ, թե ի՞նչ կապ ունի եւ ունի՞ արդյոք Իսրայելիՙ Բաքվում դեսպանատան փակումը այն հանգամանքին, որ Ադրբեջանը ակտիվացնում է հարաբերությունները Պաղեստինի հետ, որոշ դիվանագիտական փաստաթղթերում էլ անգամ անվանելով «Պաղեստինի պետություն»:
Ինչեւէ, այս ամենն առայժմ ենթադրությունների ոլորտից է, իսկ փաստացին այն է, որ ինչ սկսվել է արաբական որոշ երկրների հեղափոխական ալիքը, Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով որոշել են պայքարել կոռուպցիայի դեմ, ավելին, Իլհամ Ալիեւը հրահանգ է իջեցրելՙ «արմատախիլ անել այն»: Միայն հատկանշական է, որ Ալիեւը կոռուպցիայի դեմ ազգային պայքարի սկզբնակետ որպես վերցրել է բավականին ուշագրավ ուղղություն: Խոսքը Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդին Հեյդարովի, նրա ընտանիքի եւ նրա մերձավոր-ազգական-ծանոթ-պաշտոնյաների մասին է:
Այս ամենն ուշագրավ է այնքանով, որ Հեյդարովի ընտանիքը, ըստ WikiLeaks-ի, Ադրբեջանում ազդեցության երկրորդ, իսկ որոշ ոլորտներում էլ առաջին ընտանիքն է: Մյուս ազդեցիկը Փաշաեւներն են, ու եթե հաշվի առնենք, որ Իլհամ Ալիեւը «հարգելի պատճառներով» չի կարող հակակոռուպցիոն պայքար ծավալել նաեւ վերջիններիս դեմ, քանի որ այդ ընտանիքին է պատկանում առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, ապա հասկանալի կլինի, թե ինչո՞ւ ընտրվեց հենց «Հեյդարով թիրախը»:
Այսպես, վերջին օրերին հարեւան երկրում նկատվող պաշտոնանկությունների շղթան գրեթե ամբողջությամբ Հեյդարովի մերձավորների անուններից է կազմված, մինչդեռ Քեմալեդին Հեյդարովի հայրը` Ֆաթահը, Հեյդար Ալիեւի մերձավորագույն մարդկանցից մեկն էր: Որդի Հեյդարովն էլ ժամանակին եղել է Ադրբեջանի ազգային մաքսային կոմիտեի ղեկավարը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը թերեւս «ընտրել» է երկրի ուժային ոլորտին որոշակիորեն տիրապետելու ցանկությամբ:
Արդարության համար նկատենք, որ Հեյդարովն իրավամբ Ադրբեջանում ամենակաշառակեր պաշտոնյայի համարումն ունի, նրան հարեւան երկրում ոչ պաշտոնապես անվանում են անգամ «արտակարգ նախարար»:
Ըստ պետքարտուղարություն ուղարկված Բաքվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչի գաղտնի նամակի, որը հայտնի են դարձրել Ասանժն ու ընկերները, դիվանագետին, երբ հանդիպել է Հեյդարովին, ապշեցրել են նրա կուրծքը զարդարող թանկարժեք մետաղներն ու զարդերը. «Դրանք կարող էին մրցակցել ԱՄՆ զինված ուժերի միավորված կոմիտեի նախագահի մեդալների հետ», սարկազմով նկատել էր ամերիկացի դիվանագետը:
Մենք չենք մանրամասնի, թե հատկապես ո՞ր ոլորտներն են Ադրբեջանում համարվում Հեյդարովի ընտանիքի մենաշնորհը, պարզապես նշենք, որ, հաշվի առնելով մանավանդ վարչապետ Արթուր Ռասիզադեի տարեց լինելը, Ադրբեջանում հենց 35-ամյա Հեյդարովին են համարում երկրի «տնտեսական կառավարիչը», երբ երկրի բանկային ամբողջ համակարգը վերահսկում են Փաշաեւները:
Ինչ խոսք, այս հանգամանքը դարձել է Իլհամ Ալիեւի համար լուրջ գլխացավանք, իսկ Փաշաեւներին, ինչպես արդեն նշեցինք, Ալիեւը «ձեռք տալ» չի կարող: Մյուս կողմից էլ Ադրբեջանի նախագահը չի կարող այդպես հեշտորեն տապալել հոր մերձավորագույն ընկերներից մեկի ընտանիքը ու հենց այդ պատճառով Ալիեւը այդ պարտականությունը գցել է իր աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի վրա, որին իր հերթին Ադրբեջանում անվանում են երկրի «քաղաքական գլխավոր խորհրդատու»: Ինչ խոսք, «հակահեյդարովյան» եւ ոչ թե հակակոռուպցիոն պայքարը ձեռնտու է նաեւ Մեհտիեւին անձամբ, քանի որ ինչպես Հեյդարովը, այնպես էլ Մեհտիեւը իրենց են համարում Ադրբեջանի «երկրորդ մարդը», իհարկե` Իլհամ Ալիեւից հետո:
Իսկ մինչ երկրում մի ընտանիքը պայքարում է մեկ այլ ընտանիքի դեմ` Ադրբեջանի «անմեղ նախագահը» ակտիվորեն այցելում է երկրի շրջանները, որոշում ընդունում «հարկադիր տեղահանվածների կենսապայմանները բարելավելու մասին», բացում կահույքի զույգ գործարաններ` յուրաքանչյուրը 500-ական աշխատատեղերով, ըստ ադրբեջանական աղբյուրների, «ժողովուրդն ամենուր ջերմորեն է դիմավորում նախագահ Ալիեւին, որն իրենց համար աշխատատեղեր է բացում», ինչպես ասում են` Ադրբեջանում հակակոռուպցիոն պայքարն ընթանում է ամբողջ թափով:
Մնում է միայն պարզել, թե կա՞ կապ արդյոք հարեւան երկրում այս «ընտանեկան բախումների» եւ այդ երկրում իսրայելա-ամերիկա-բրիտանական անհանգստությունների միջեւ, չէ՞ որ այս բախումների յուրաքանչյուր հանգուցալուծում, կողմերից որեւէ մեկի պարտություն Ադրբեջանում իրավամբ կբերեն ահաբեկչությունների ալիքի հավանականություն:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: