Friday, February 18, 2011

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՈՒՄ Է ԵՐԿԻՐԸ

«Լրագիր» 17-2-2011- ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում պատճառաբանելով կոալիցիոն հուշագրի ստորագրումն ու Սերժ Սարգսյանին 2013 թվականի համար սատարելու քայլը, ասել է, որ այդ որոշումը կայացրել է երկրի առաջ ծառացած մարտահրավերներից ելնելով: Ի թիվս մարտահրավերների, Ծառուկյանը նաեւ մատնանշել է ռազմական խնդիրը:
Թերեւս դժվար չէ հասկանալ, որ Ծառուկյանը նկատի ունի Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքը, որի մասին վերջին ամիսներին խոսվում է բավական հաճախ: Ավելի ճիշտ, Սերժ Սարգսյանն ամենայն հավանականությամբ Ծառուկյանին պատերազմի սպառնալիքն է հիշեցրել, ասելով, որ եթե ԲՀԿ-ն չսատարի իրեն արդեն իսկ այսօրվանից եւ այդպիսով պառակտի իշխանական շարքերը, դրանից կարող է օգտվել թշնամին եւ պատերազմ սանձազերծել պառակտված իշխանությամբ Հայաստանի դեմ:

Չի բացառվում, որ սպառելով Ծառուկյանին ճնշելու լծակները, կամ որոշելով ավելորդ ժամանակ չծախսել այդ ճնշումների վրա, քանի որ դրանք կարող էին արդյունք չտալ, իշխանությունը գնացել է հենց պատերազմի սպառնալիքով շանտաժին` “միացիր, թե չէ պատերազմ կլինի, եւ պատասխանատվությունը կդնենք քո վրա”: Համենայն դեպս, ռազմական մարտահրավերի հիշատակումը, որն, ի դեպ, Ծառուկյանը կարծես թե այլ առիթներով երբեք չէր հիշատակել, վկայում է այն մասին, որ պատերազմի գործոնն ընդդեմ նրա խաղարկվել է:

Դա իհարկե բավական ծանրակշիռ ու լուրջ գործոն է եւ երբ այն դրվում է քաղաքական հակառակորդի եւ մրցակցի առաջ, ընտրություն կատարելն իսկապես բարդանում է: Մի կողմից, դրա սպառնալիքի տակ գործող համակարգի բյուրեղացմանն ուղղված քայլերի գնալը պատերազմից ավելի պակաս վտանգ չէ պետության համար, մյուս կողմից էլ պատերազմի վտանգը գեներացնելն իսկապես կարող է ծանր մեղադրանք լինել ցանկացած գործչի առաջ:

Թերեւս հենց այդ բարդ ընտրությունը նկատի ունի նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ հայտարարում է, որ առանց Ղարաբաղի հարցը կարգավորելու, Հայաստանում հնարավոր չէ ժողովրդավարական զարգացում ապահովել: Ըստ ամենայնի, Տեր-Պետրոսյանն էլ նկատի ունի այն, որ իշխանությունը Հայաստանում երբեք չի գնա իրական դեմոկրատիա հաստատելու, իսկ երբ որեւէ մեկն էլ այդ նպատակով գնա իշխանության դեմ ու իր հետեւից տանի մեծ զանգվածներ, իշխանությունն ամենածայրահեղ դեպքում կհակադրի պատերազմի շանտաժը, այդպիսով ծանր կացության մեջ դնելով նրանց, ովքեր գնում են իշխանության դեմ:

Բայց, այստեղ կա նաեւ խնդրի հակառակ կողմը: Բանն այն է, որ այդ շանտաժը ձեռնտու է նաեւ բոլոր նրանց, ովքեր անկեղծության տարբեր աստիճաններով եւ տարբեր նպատակներից ելնելով այս կամ այն ժամանակաշրջանում գնում են իշխանության դեմ: Նրանց համար դա կարող է ծառայել որպես իրենց նահանջի կամ իշխանության հետ գործարքի, համաձայնության լավ արդարացում, այն իմաստով, որ “դե եթե մենք չհանդարտվեինք, երկրի թշնամին կմոլեգներ”:

Իսկ առկա մթնոլորտում, այդ մտայնության պայմաններում, թշնամին իսկապես մոլեգնելու կարիք չունի, քանի որ երկիրն ինքն իր ձեռքով է իրեն կործանում: Իշխող մեծամասնությունն այն դարձնելով իր վահան, իրականում մերկացնում է պետությունը, մերկացնում է հասարակությանը: Պատերազմի շանտաժը կարող է քանդել կամ արդեն իսկ քանդում է Հայաստանը պատերազմից ավելի դանդաղ, բայց կարծես թե ավելի “հաստատուն” եւ “երաշխավորված”:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: