Friday, February 18, 2011

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Արտաքին գործերի նախարարին

Փետրվարի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու պետությունների միջև բարձր մակարդակի վրա իրականացող փոխայցելություններին, ինչպես նաև շարունակ սերտացող մշակութային և տնտեսական գործակցությանըª ի բարօրություն երկու ժողովուրդների: Վեհափառ Հայրապետը խոսեց նաև հայ և չին ժողովուրդների պատմական կապերի մասին` կարևոր նկատելով ներկայիս ժամանակներում ժողովուրդների բարեկամության ամրապնդումը և հետևողական զարգացումը համընդհանուր մարտահրավերների հաղթահարման համար:
Չինաստանի արտաքին գործերի նախարարն իր հերթին ուրախություն հայտնեց Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու և հայկական բազմադարյա մշակույթը ճանաչելու հնարավորության առիթով, ապա ներկայացրեց երկու պետությունների ներկայիս փոխհարաբերությունները և շահեկան համագործակցությունը, մատնանշեց մշակութային կապերը խորացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությանը, ինչը կկանխի նման ոճրագործության կրկնությունը ապագայում£ Կարևորվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը խաղաղ ճանապարհով:

No comments: