Wednesday, February 2, 2011

Հուշարձանագետ. «Հայրենաճանաչության բացակայությունը մեզ շատ մեծ արհավիրքների է հասցնելու»

Panorama.am. 2-2-2011- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը խոսելով հայրենաճանաչության համար կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին, նշեց, որ մենք պետք է մեր հայրենիքը ճանաչենք, որ սիրենք այն:
«Ես կարծում եմ, որ մեր ազգի նկարագիրը պահելու և հայրենիքին տեր կանգնելու, նույնիսկ անհրաժեշտության դեպքում հայրենիքի համար զոհվելու հիմքում ընկած է հայրենաճանաչությունը: Անհատն այնքանով է տեր կանգնում իր հայրենիքին, որքանով ճանաչում է այն», -ասաց նա և հավելեց, որ ճանաչողությունն է իր հետ բերում կապվածություն, սեր և նվիրում հայրենիքին:

Ըստ հուշարձանագետի, այն կոչերով, թե պետք է սիրել հայրենիքը, հնարավոր չէ այն սիրել, հայրենիքը սիրելու և ճշմարիտ նկարագրով քաղաքացի լինելու միակ պայմանը հայրենիքը ճանաչելն է: «Շատ կարևոր է, որ մանկապարտեզներում և դպրոցներում հայրենաճանաչության դասեր անցկացվեն, որի արդյունքում մենք կունենանք հայրենասերներ: Այսօր հանրակրթական դպրոցներում և նույնիսկ համալսարաննրում հայրենաճանաչության վերաբերյալ դասընթացները շատ վատ հիմքերի վրա են: Այս ամենը վտանգավոր հետևանքներ կունենա, եթե ամեն ինչ այս կերպ շարունակվի»,- ասաց նա:
Ս. Կարապետյանը նշեց, որ հայրենաճանաչության բացակայությունը մեզ շատ մեծ արհավիրքների է հասցնելու: «Վերջին 10-20 տարիների արտագաղթը ոչ մի տնտեսական հիմք չունի, արտագաղթի հիմքում հայրենաճանաչության բացակայություն է: Եթե քաղաքացին սիրում է իր երկիրը, ապա աշխատում է իր երկրում և չի հեռանում, արդյունքում շահում է պետությունը: Փաստ է, թե որքան աղետների դուռ կփակի և մեզ հետ կպահի տարբեր փորձանքներից, եթե հասարակությունը հայրենաճանաչ լինի»,- ասաց Ս. Կարապետյանը:

No comments: