Tuesday, February 1, 2011

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԵՆ»

«ԱԶԳ», 01-02-2011- Այդ մասին Ադանայում, ինչպես երեկ վկայել էր թուրքական ANKA գործակալությունը, հայտարարել է Ձախ ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Ուլուչ Գյուրքանը: Նա մասնակցելով «Չուքուրովա» համալսարանում «Հայկական հարցն ու 1909-ի Ադանայի դեպքերը» թեմայով գիտաժողովին, ամբիոնից ասել է. «Ցեղասպանության հայկական պնդումները չեզոքացնելու համար նախ պետք է ցույց տալ, որ դրանք ուղղված լինելով թուրքական պետության եւ թուրք ազգի դեմ, դարձել են ատելության յուրահատուկ հանցագործություն: Այդ պնդումներով Թուրքիայի նկատմամբ համատարած ատելություն սերմանելու փորձ է արվում: Հետեւաբար շովինիստական այս մոտեցման դադարեցումն ու ցեղասպանության պնդումների համատեղ ուսումնասիրությունը պետք է առաջադրվի որպես նախապայման (նկատի ունի Հայաստանը)»:
Այնուհետեւ Գյուրքանը շարունակել է. «Հայոց ցեղասպանության պնդումները թափ ստացան 90-ական թթ.., երբ ԽՍՀՄ-ի փլուզումով դադարեց սառը պատերազմը: Դրանք համադրվեցին Հանդինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» թեզին համապատասխան ձեւավորված նոր աշխարհակարգի հետ եւ միջազգային բնույթ ստացան: Ավելին, դուրս գալով անցյալի հետ առերեսման շրջանակներից, սկսեցին այժմեական քաղաքականության մաս կազմել»:
Վերջում նա ուշադրություն է հրավիրել ցեղասպանության փաստերը հերքելու կարեւորության վրա, ավելացնելով. «Ցեղասպանության կոնվենցիային 1977-ին կցված հավելվածի 2-րդ արձանագրության համաձայն, «տեղահանությունը» կարելի է բնութագրել «զինվորական անհրաժեշտ միջոցառում», որովհետեւ 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը դիմել են զինված ապստամբության եւ անցել երկրի տարածք օկուպացնող ցարական Ռուսաստանի կողմը: Չմոռանալ, որ հրեաները Գերմանիայում ոչ ապստամբություն էին բարձրացրել, ոչ էլ համագործակցել թշնամու հետ»:

No comments: