Wednesday, February 2, 2011

Ջավախքում թուրքական մզկիթ կառուցելու որոշումը ապտակ է հայությանը. ԱՆՊՇ

Tert.am. 2-2-2011- Վրաստանի մշակույթի նախարար Ռուրուան հայտարարել է, որ Վրաստանը պատրաստվում է Թուրքիային թույլատրել մզկիթ կառուցել Բաթումի քաղաքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ևս մեկ թուրքական մզկիթ կառուցվելու է բնիկ հայկական Սամցխե-Ջավախքի շրջանում` Ախալցխայում: Այս մասին տեղեկացնում է Ազգային նոր պահպանողական շարժումը, որը 27 հասարակական կազմակերպությունների և մի քանի հազար երիտասարդների անունից իր զայրույթն ու բողոք է արտահայտում վրացական իշխանությունների «հերթական հակահայկական ու հակամարդկային որոշման դեմ»:
«Քրիստոնյա Վրաստանը, ամեն գնով աշխատելով խոչնդոտել Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունն իր տարածքում, չթույլատրելով գործող եկեղեցիների բարգավաճումն ու կիսավեր հայկական եկեղեցիների վերականգնումը, հակառակ դրան` թույլատրում է Թուրքիային կառուցել մզկիթներ իր տարածքում: Փաստորեն, Վրաստանի իշխանությունները, տարածքի բնիկ հայ ժողովրդին զրկելով իր պատմական իրավունքն իրացնելու հնարավորությունից, այն տրամադրում է ընդամենը երկու դար առաջ, և այն էլ զենքի ուժով տարածք ներխուժած թուրքերին:
Սա այսօր, մինչդեռ ընդամենը օրեր առաջ Վրաստանի նախագահը հայերի և վրացիների հարաբերությունները անվանում էր «համաշխարհային պատմության համար համատեղ գոյության հազարավոր տարիներով կապված երկու ժողովուրդների բարեկամության, եղբայրության, ամենաբարդ պահերին, պատմական և աշխարհագրական բարդ պայմաններում միմյանց օգնության գալու բացառիկ օրինակ»: Բնիկ հայկական տարածքներում թուրքական մզկիթ կառուցելու կամ «վերանորոգելու» որոշումը Ազգային նոր պահպանողական շարժումը համարում է ապտակ հասցված հայության և համայն քրիստոնյա աշխարհի երեսին և հայտարարում, որ հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու է այդ հակահայ և հակաքրիստոնեական որոշման դեմ»,- ասվում է հայտարարությունում:

No comments: