Thursday, February 3, 2011

WikiLeaks կայքը Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդ

Tert.am. 2-2-2011- WikiLeaks կայքը հայտնվել է Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում։ Կայքն առաջադրել է Նորվեգիայի Սեն–Տրենդելագ նահանգի պատգամավոր Սնորե Վալենը։ Դրա մասին նա գրել է իր բլոգում։
Վալենն իր այս որոշումը բացատրում է նրանով, որ WikiLeaks–ը կոռուպցիայի, ռազմական հանցագործությունների և խոշտանգումների մասին տեղեկություններ հրապարակելով՝ կարևոր դեր է խաղացել մարդու իրավունքների համար պայքարում։ Նա հատկապես ընդգծել է Թունիսի կոռուպցիային վերաբերող նյութերը, որոնց հրապարակումը որոշակի դերակատարում է ունեցել բազմամյա բռնատիրության տապալման հարցում։
Դրա հետ մեկտեղ՝ պատգամավորը կեղծավորության համար մեղադրել է այն պետություններին, որոնք խոսքի ազատության կոչ անելով գաղտնի հրապարակումներից հետո սկսել են անվտանգության սպառնալիքի մեղադրանքներ ներկայացնել WikiLeaks–ին։ Խորհրդարանականի խոսքերով՝ այդկերպ նրանք ոչ միայն չեն աջակցում ժողովրդավարական արժեքներին, այլև լիովին դրանց հակառակ են հանդես են գալիս։
«Չկա և չպետք է լինի այնպես, որ քաղաքական գործիչները որոշեն, թե որ հանցագործությունների մասին տեղեկությունները կարող են հասու լինել հանրությանը, և թե ինչ միջոցներով տարածել դրանք»,–գրում է Վալենը։
WikiLeaks–ի հրապարակումների դեմ մասնավորապես հանդես էր եկել ԱՄՆ–ն։
Ի դեպ, Խաղաղության նոբելյան մրցանակի համար թեկնածությունների առաջադրումը կավարտվի փետրվարի 3–ին, գրում է Lenta.ru–ն։

No comments: