Thursday, March 3, 2011

Կադաֆին ՄԱԿ–ին և ՆԱՏՕ–ին խնդրել է հատուկ քննչական հանձնաժողով ուղարկել Լիբիա

Tert.am. 2-3-2011- Լիբիայում իշխանությունը ժողովրդին փոխանցելու և երկրում կառավարման նոր ձևի՝ Ջամահիրիայի հռչակման 34–րդ տարեդարձի կապակցությամբ ելույթ ունենալիս Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆին ՄԱԿ–ին և ՆԱՏՕ–ին խնդրել է հատուկ քննչական հանձնաժողով ուղարկել Լիբիա՝ երկրում ստեղծված իրադրությունն ուսումնասիրելու համար։
Կադաֆին նաև ընդգծել է, թե Լիբիայում խաղաղ ցույցեր չեն եղել, իսկ բռնությունները երկրում հրահրել են «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության բջիջները։
Լիբիայի հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող հանդիսավոր այդ արարողության հաղորդավարը հայտարարել է, թե Լիբիայի առաջնորդը «ամուր է , ինչպես մեր լեռները և հզոր՝ ինչպես մեր ժողովուրդը»։
Կադաֆին իր ելույթում նաև նշել է, թե չի կարող իր լիազորությունները վայր դնել, քանի որ երկրի նախագահը չէ, իսկ իշխանությունը դեռ 1977թ. ինքը ժողովրդին է հանձնել։ «Լիբիայում ո՛չ նախագահական վարչակազմ գոյություն ունի, ո՛չ միապետական և ո՛չ կառավարական։ Իշխանությունն ու լիազորությունները միմիայն ժողովրդի ձեռքում են։ Լիբիացիներն ազատ կարող են կյանքի կոչել իրենց իրավունքները։ Ես հրաժարականի համար իրական ուժ և կարգավիճակ չունեմ»,– հայտարարել է Կադաֆին։
Մարտի 2–ին Լիբիան նշում է ազգային տոներից մեկը՝ ժողովրդապետության հռչակման օրը։ 1977թ.այս օրը հրապարակված «Սաբհայի հռչակագրով» Լիբիան անվանվեց Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Ջամահիրիա ( Ջամահիրիան նշանակում է «ժողովրդական զանգվածների պետություն»)։ Այդ փաստաթղթով երկրում ամրագրվում է ժողովրդաիշխանության սկզբունքը։ Այդ փաստաթղթով Լիբիայում վերացվեց կառավարությունը, կուսակցությունները, խորհրդարանը, նախագահի պաշտոնը։ ժողովուրդը հնարավորություն ստացավ իր իշխանությունն իրականացնել ժողովրդական կոնգրեսների, կոմիտեների և արհմիությունների միջոցով։ Սահմանդրությանը փոխարինելու եկավ «Կանաչ գիրքը», որն էլ հենց սահմանում է երկրի քաղաքական կառուցվածքը։
Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադաֆիի հրաժարականի պահանջով զանգվածային հուզումները սկսվել են փետրվարի 15-ին: Իշխանությունները դաժանաբար ճնշում են ցույցերը։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ բախումների հետևանքով շուրջ 2000 մարդ մահացել, մոտ 4000–ը վիրավորվել են։ Իսկ օտարերկրյա պետություններն իրենց քաղաքացիներին տարհանում են Լիբիայից։Միաժամանակ, Ալ Ջազիրա հեռուստաալիքը հաղորդում է, որ վարչակազմին հավատարիմ զորքերը ընդդիմադիրներից ետ են խլել Ղասր Ղարյան, Սաբրատա, Մարսա Բրեգա քաղաքները։

No comments: