Friday, March 11, 2011

Արցախի երիտասարդները ԵԱՀԿ գործող նախագահ Անդրոնիուս Աժուբալիսին հրավիրում են Ղարաբաղ

Արցախյան երիտասարդական և երիտասարդության հետ աշխատող շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններ, ողջունելով ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Անդրոնիուս Աժուբալիսի փետրվարի սկզբին արած հայտարարությունը, որ «Ղարաբաղյան հակամարտությունը դժվար լուծելի է, քանզի այնտեղ արդեն նոր սերունդ է մեծացել», կոչ են արել գործող նախագահին այցելել Արցախ և տեղում լսել այդ նոր սերնդի ձայնը: Համապատասխան նամակն այսօր կհանձնվի ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն և ԵԱՀԿ գրասենյակ: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունից։
Նամակում մասնավորապես նշվում է.
«Մենք` Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներքոնշյալ ներկայացուցիչները, գրում ենք՝ հայտնելու մեր բարձր գնահատականը ձեր` վերջերս Ղարաբաղի նոր սերնդի մասին կատարված հայտարարությանը: Մենք ցանկանում ենք հրավիրել ձեզ Ղարաբաղ այս նոր սերնդի ձայնը լսելու, ինչի կարիքը դուք բացահայտորեն նշեցիք:
Մենք գիտենք, որ ԵԱՀԿ-ի անդամ երկրները հանձն են առել համագործակցելով ՄԱԿ-ի հետ, հասնել մարդու իրավուքների և հիմնարար ազատությունների համաշխարհային ճանաչման, որը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Մեր ապրելու, ազատության և անձնական անվտանգության իրավունքները դեռևս սպառնալիքի ներքո են: Ցայսօր մենք ապրում ենք առանց մեր հիմնարար իրավունքների ճանաչման:
Միաժամանակ անդամ երկրները ՄԱԿ-ի կանոնադրությամբ պատասխանատվություն են վերցրել տարբերություն չդնել երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի միջև անկախ նրանից թե այն անկախ է, վստահելի, ոչ ինքնակառավարվող, կամ ինքնիշխանության սահմանափակում ունի, թե ոչ: Վերոնշյալը նրանք հանձն են առել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջխաղացման և ապահովման գործում:
Մենք Ղարաբաղում ընդունել ենք Ժիրի Դիենստբիերին` Չեխիայի արտաքին գործերի նախարար, Ադրիան Սեվերինին` ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, Անդրեյ Կոզիրևին և Եվգենի Պրիմակովին` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ, Բորիս Ելցինին` Ռուսաստանի նախագահ, Նուրսուլթան Նազարբաևին` Ղազախստանի նախագահ:
Հաշվի առնելով այդ ամենը, մեծ պատիվ կլինի աշխատել ձեր գրասենյակի հետ, զարգացնելու անհրաժեշտ հնարավորություն Ղարաբաղի նոր սերնդի համար` արտահայտելու մեր հույսերը, երազանքներն ու ցանկությունները նրանց, ովքեր պարտավորվել են ազդեցություն ունենալ մեր ճակատագրի որոշման վրա»:

No comments: