Friday, March 11, 2011

Գորդոն. Մինսկի խմբի միջոցով կընդարձակենք մեր ազդեցությունը ` օգնելով գտնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծումը

Panorama.am. 11-3-2011- Կոնգրեսական Էլիոտ Էնգելը երեկ բարձրացրել է Հայոց Ցեղասպանության հարցը Ներկայացուցիչների Պալատի Արտաքին Գործերի ենթակոմիտեի Եվրոպայի և Եվրասիայի վերաբերյալ առաջին ամփոփող նիստի ընթացքում` վերնագրված «Եվրոպայի և Եվրասիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության ակնարկ»:
Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:
Կոնգրեսական Էնգելը մեջբերել է Թուրքիայի «թշնամական» վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ և բացահայտել Թուրքիայի բազմաթիվ երկակի չափորինակները` ներառյալ Իսրայելից ներողություն ստանալու պահանջը այն ժամանակ, երբ «մենք չենք կարողանում Թուրքիային համոզել ներողություն խնդրել Հայոց Ցեղասպանության համար»:

«Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Էնգելին ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության վերահաստատման գործնթացի իր կայուն աջակցության համար»,_ նշել է Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթան: «Կոնգրեսական Էնգելը շարունակում է բարձրաձայնել ճշմարտությունն ու արդարությունը, և մենք պատրաստակամ ենք աշխատել նրա և իր գործընկերների հետ ` ապահովելու, որ Հայոց Ցեղասպանությունը երբեք մոռացության չմատնվի»:

Հարց ու պատասխանի ժամանակ կոնգրեսականը Եվրոպայի և Եվրասիայի հետ հարաբերությունների գծով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ միասին իր դիտողություններն է արել: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր գրավոր մեկնաբանություններում Գորդոնը նշել է.

«Կովկասում մենք կշարունակենք եվրոպացիների հետ միասին քաջալերել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավումը և Մինսկի Խմբի միջոցով կընդարձակենք մեր ազդեցությունը ` օգնելով Հայաստանին և Ադրբեջանին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը: Մենք վստահ ենք, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է միասին աշխատեն, որպեսզի բացառեն Եվրոպայում հետագա հակամարտության բռնկումը և օգնեն տարածաշրջանի երկրներին շարժվել առաջ դեպի խաղաղ և ավելի բարեկեցիկ ժողովրդավարական ապագա»:

No comments: