Tuesday, March 15, 2011

Թուրք պատգամավորը քիչ հավանական է համարում Ղարաբաղում պատերազմի վերսկսումը

Diplomat.am. 14-3-2011- Թուրքիայի Գերագույն ազգային ժողովի պատգամավոր, Արդարության և զարգացման իշխող կուսակցության անդամ Մեհմետ Էրդողանը քիչ հավանական է համարում ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը: «Կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ պատերազմները երբեք չեն օգնել խնդիրների լուծմանը: Սխալ է խնդիրները պատերազմներով լուծել: Անհրաժեշտ արդյունքների դրանք չեն հանգեցնում: կարծում եմ, որ ավելի օգտակար կլինի ուժեղացնել դիվանագիտական գործունեությունը և համաշխարհային հասարակության ուշադրությունը սևեռել անմեղ մարդկանց սպանություններին», - ասել է Մեհմետ Էրդողանը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման մասին` Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում պետք չէ շտապել: Նրա խոսքերով, Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանում հարևան երկրների միջև բոլոր խնդիրների վերացմամբ: «Մենք կշարունակենք մեր լավ վերաբերմունքը ցուցաբերել: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մեր արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի քաղաքականությունը հաջող է: Մենք փորձում ենք բարելավել հայ-ադրբեջանական, իսկ հետո հայ-թուրքական հարաբերությունները: Այդ հարցերում խնդիրների վերացումը կախված է Հայաստանից:

Հավատում եմ, որ ի վերջո մեր տարածաշրջանում կվերականգնվի խաղաղությունն ու կայունությունը», - ասել է թուրք պատգամավորը:

No comments: