Tuesday, March 29, 2011

ԵՄ-ն զգուշացնում է Անկարային. բանակցային գործընթացը կարող է կասեցվել

Tert.am. 28-3-2011- Եթե Թուրքիայում լրագրողների նկատմամբ շարունակվեն քրեական հետապնդումները, ապա Եվրամիությունը կկասեցնի Թուրքիայի հետ բանակցային գործընթացը։ Այս մասին թուրքական abhaber կայքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը մասնավորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների և «Էրգենեքոնի» գործով կալանավորված լրագրող Ահմեթ Շըքի՝ դեռևս չտպագրված «Իմամի բանակը» գրքի պատճենները հայտնաբերելու և ոչնչացնելու կապակցությամբ թուրքական դատարանի կայացրած որոշման առնչությամբ։
Պաշտոնյան նշել է, որ գրքի հետ կապված Թուրքիայում իրականացվող գործողություններով ոտնահարվում են քաղաքական չափորոշիչները և ընդգծել, որ «Էրգենեքոնի» դատավարությունը բոլորովին այլ ընթացք է ստացել։
«Եթե նման զարգացումները շարունակվեն, ապա թող ոչ ոք չզարմանա, երբ Թուրքիայի հետ դադարեցվի ԵՄ անդամակցության բանակցային գործընթացը։ Եթե Թուրքիան ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, ապա պայմանները հայտնի են»,– ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

No comments: