Tuesday, March 15, 2011

Տիգրան Փոստանջյանին ձերբակալել են նրա պատգամավոր քրոջ գործունեությունը խոչընդոտելու համար. իրավապաշտպաններ

Tert.am. 14-3-2011- Տիգրան Փոստանջյանին ձերբակալելու մասին որոշման նպատակը նրա քրոջ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի քաղաքական գործունեությունը խոչընդոտելու նպատակով է: Այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեցին իրավապաշտպաններ Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիկան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար), Ավետիք Իշանյանը (Հելսինկյան կոմիտեի նախագահ) և փաստաբան Հայկ Ալումյանը։
Սաքունցի խոսքով՝ Տիգրան Փոստանջյանի հարցով իրավապահները «չտեսնված օպերատիվությամբ են աշխատել»։ Դա այն դեպքում, երբ, ըստ նրա, իրենց կողմից իրավապահներին ներկայացված հանցագործության մասին հաղորդումները սահմանված ժամկետում պատասխաններ չեն ստանում, դրանց վերաբերյալ որշումներ չեն կայացվում։
«Այս, այսպես կոչված, միջոցառումների շարքը, որը կիրառվեց Տիգրան Փոտանջյանի նկատմամբ, ակնհայտ հիմնավորում է, որ շատ ճղճիմ, 37 թվականին բնորոշ հարձակում է սա, որի նպատակը Զառա Փոստանջյանի վրա ճնշում գործադրելն է։ Սա միանշանակ ապացուցում է, որ Ազգային անվանգությունը իշխանությունների ձեռքին քաղաքական հրահանգներ իրականացնող և քաղաքական հետապնդումներ իրականացնող մարմին է, միանշանակ»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, թե Տիգրան Փոստանջյանին ձերբակալելը որևէ հիմնավորում չունի։
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ հարցադրում արեց. «Էդ ի՞նչ վտանագավոր հանցանք է նա գործել, որ որպես խափանման միջոց կալանքն է ընտրվել»։ Իշխանյանն ընդգծեց, որ Հայաստանում իրավապահ մարմինները քաղաքական ազդեցությունից զերծ չեն, և Փոստանջյանի նկատմամբ հենց քաղաքական հետապնդում է իրականացվում։
Իրավապաշտպանները նշեցին, որ ապօրինի գումար վերցնելու մեջ մեղադրվող Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրգործ հարուցելու «հրահանգը տրված է նախագահականից»։
Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ այս գործը հենց հարուցման պահից իրենից ներկայացնում է խախտումների մի կույտ։
Փաստաբանը խախտումներից առանձնացրեց այն, որ գլխավոր դատախազի ցուցումով գործի քննությունը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը, որն «օրենքով այս հոդվածով նախատեսված հանցագործությունների քննության իրավասություն չունի»։
Փաստաբանը տեղեկացրեց, որ այսօր գործի նախաքննությունն ավարտվել է։ «Գործն ամբողջությամբ մի փոքր հատոր է և իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում, սակայն հանձնարարված է ԱԱԾ 5 քննիչի»,- ասաց նա։

No comments: