«Լրագիր» 28-3-2011- 2010 թվականի հոկտեմբերին իրականացված փաստահավաք առաքելության վերաբերյալ օրերս հրապարակված ԵԱՀԿ Մինսկի համանախագահների զեկույցը կարծես թե նախատինք է Հայաստանին, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումը իրականացվում է շատ անարդյունավետ, կամ ավելի ճիշտ` չի իրականացվում: Համանախագահներն արձանագրում են, որ 2005 թվականից ի վեր տեղի բնակչության թիվը չի աճել: Արձանագրում են, որ այդ բնակչությունն ապրում է մեղմ ասած անմխիթար պայմաններում:Որեւէ պետության համար, որեւէ ազգի համար, ով սիրում է օրացույցի կարմիր օրերին, թեեւ նաեւ մնացյալ բոլոր օրերին էլ, խոսել իր մեծագույն հաղթանակի մասին, կենացներ խմել, ուղղակի ամոթ է, երբ որեւէ միջազգային փաստաթուղթ արձանագրում է, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում այդ հաղթանակը: ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի ցույց է տալիս, որ հայերը տեր չեն կանգնում իրենց իսկ հաղթանակին: Իսկ եթե հաղթանակիդ տեր չես կանգնում, ապա այն ժամանակի ընթացքում անխուսափելիորեն դառնալու է ուրիշի, իսկ ավելի կոնկրետ` հակառակորդի հաղթանակը: Մինսկի խումբը իր զեկույցով կարծես թե ստիպում է մտածել, հուշում է մտածել այդ մասին:
ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է, թե ազատագրված տարածքների վերաբնակեցման առումով խնդիր կա, բայց փող չկա: Ըստ նրա, բյուջեն փող չունի, որ վերաբնակեցում իրականացվի, ու այդ փողը ներկայում գտնելը հնարավոր չէ:
Փողը հիանալի պատճառաբանություն է, որ բերում է իշխանության ներկայացուցիչը, ազատագրված տարածքների վերաբնակեցման քաղաքականության բացակայությունը կամ լիակատար ձախողումն արդարացնելու համար:
Եթե օրինակ իշխանության որեւէ ներկայացուցիչ ասեր, թե չեն վերաբնակեցնում, որովհետեւ մտադիր են տարածքները հանձնել կարգավիճակի դիմաց, կամ չեն վերաբնակեցնում, որովհետեւ վախենում են, որ ԱՄՆ, Ռուսաստանը կամ Եվրոպան կբարկանան, ապա դա գոնե ազնիվ կլիներ: Գուցե ազնիվ կլիներ նաեւ, եթե ասեին, թե չեն վերաբնակեցնում, որովհետեւ դա իրենց պետք չէ, չի հետաքրքրում, մեջը փող չկա, սուպերմարկետը տարածքներում չի աշխատի, եւ այլն:
Բայց երբ ասվում է, թե փող չկա, որ վերաբնակեցում իրականացվի, առնվազն տարօրինակ է: Ինչու, օրինակ պատգամավորների արտասահմանյան գործուղումների համար փող կա, իսկ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար փող չկա: Որն է պետության համար առավել կարեւոր թե ներկայիս, թե ապագայի համար` պատգամավորների գործուղումնե՞րը, թե ազատագրված տարածքների վերաբնակեցման քաղաքականությունը:
Ինչ է կորցնելու պետությունը, եթե Հայաստանի ԱԺ նախագահն ու մյուս պատգամավորները ճոխ պատվիրակություններով, կամ թեկուզ քչով, չմեկնեն արտասահմանյան գործուղումների: Որն է դրանց օգուտը մեր պետության համար: Ընդհանրապես, որն է խորհրդարան կոչված կառույցի տված օգուտը մեր պետության համար: Մեր կյանքը ինչով էր վատ լինելու, ինչն էր մեր կյանքում պակաս լինելու, եթե չլիներ խորհրդարանը: Չէ որ միեւնույն է, Հայաստանի համար բոլոր որոշումները կայացվում են նախագահի նստավայրում եւ իրականացվում կառավարության կառույցների միջոցով, իսկ խորհրդարանն ընդամենը կնիք է նախագահի նստավայրի ձեռքին: Ուրեմն ինչու այդքան թանկարժեք “կնիք” պահել: Կարելի է այդ կնիքի համար նախատեսված բյուջետային փողը, որը շատ մեծ թիվ է կազմում, ուղղել հենց վերաբնակեցման քաղաքականությանը, գոնե կիսով չափ, իսկ մյուս կեսն էլ ուղղել այլ սոցիալական կամ ռազմավարական ծրագրի իրականացմանը:
Իսկ խորհրդարանականները թող իրենց հաշվին շրջեն երկրից երկիր, առավել եւս, որ իրենց հաշիվը կարծես թե թույլ է տալիս այդպիսի ճանապարհորդություններ. Հայաստանի խոևրհրդարանի ճնշող մեծամասնությունը բիզնեսմեններ են, խոշոր կամ միջին սեփականատերեր: Իսկ ընդդիմադիր փոքր մասը թերեւս սիրով կհրաժարվի գործուղումների փողից, եթե այն ուղղվելու է ազատագրված տարածքների վերաբնակեցմանը: Չէ որ թե Ժառանգությունը, թե Դաշնակցությունը հանդես են գալիս վերաբնակեցման աշխուժացման օգտին:
Թեեւ, պետք է նկատել նաեւ, որ ընդդիմադիր պատգամավորների մի մասի գործուղումների մի մասը այդուհանդերձ պետության եւ հասարակության համար նպաստավոր են, արդյունավետ, օգտակար: Եվ նկատի ունենալով, որ նրանց այդ գործուղումները քիչ տոկոս են կազմում մեծամասնության ֆոնին, ապա նրանց փողը կարելի է պահել եւ չուղղել վերաբնակեցման. Թող աշխատեն արտասահմանյան կառույցերի հետ հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ Հայաստանի պետական շահի պաշտպանության:
Իսկ մյուսներին պետք չէ ոչ մի լումա: Միեւնույն է, խորհրդարանում մեծամասնությունն իր անձնական շահն է հետապնդում, իր անձնական բիզնեսի շահը, հետեւաբար թող այդ ամենն իրականացնեն իրենց անձնական միջոցներով եւ ոչ մի լումա չստանան պետությունից: Պետությունն այդ փողով թող իր ռազմավարական կարեւորության խնդիրներից մեկը լուծի` վերաբնակեցման հարցը, եթե այն լուծելու համար փողն է պակասում, ոչ թե կամքը: Թեեւ եթե կամքը լինի, փող թերեւս միշտ էլ կգտնվի:
Այդպես է երեւի, որ երբ հաղթանակը փողի է վերածվում, հաղթանակի համար այլեւս փող չի մնում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment