Saturday, March 19, 2011

Օոմեն-Ռյույտենի պատասխանը Էրդողանին. «Եվրախորհրդարանը նախընտրական քարոզչության նյութ մի դարձրեք»

Tert.am. 18-3-2011- Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենը նամակ է գրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և պատասխանել թուրք վարչապետի հնչեցրած մեղադրանքներին։ Այս մասին է տեղեկացնում թուրքական մամուլը։
Նամակում նշվում է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցը հավասարակշիռ է։
«Հավասարակշիռ մարդիկ են նաև զեկույցը պատրաստողները։ Խնդրում եմ, զեկույցն ու Եվրախորհրդարանը նախընտրական քարոզարշավի նյութ մի դարձրեք։ Իսկ զեկույցի նպատակը ոչ թե քննադատությունն է, այլ անդրադարձը ԵՄ անդամակցության ճանապարհին իրականացվող բարեփոխումներին»,– ասվում է եվրախորհրդարանականի՝ Էրդողանին ուղղված նամակում։
«Սեպտեմբերին կայանալիք հանրաքվեից առաջ թուրքական ընդդիմությունն ինձ մեղադրում էր իշխանություններից նվերներ ստանալու համար։ Հիմա էլ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե զեկույցը գրել ենք ընդդիմության պահանջով»,– նշել է Ռիա Օոմեն-Ռյույտենը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատության էր ենթարկել Եվրախորհրդարանին՝ օրեր առաջ Թուրքիայի վերաբերյալ ընդունած զեկույցի համար։
«Այդ զեկույցից երևում է, որ այն պատրաստել են Թուրքիան ընդհանրապես չճանաչող մարդիկ։ Դա պատվերով պատրաստված զեկույց է»,– հայտարարել էր Էրդողանը՝ ավելացնելով. «Այդ զեկույցում բացակայում է հավասարակշիռ մոտեցումը։ Թող ներողամիտ լինեն, բայց ես չեմ հավատում, որ զեկույցը պատրաստողները հավասարակշիռ մարդիկ են։ Հակառակ դեպքում նրանք զեկույցում նման բաներ չէին գրի Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ»։
Էրդողանը հերթական անգամ հայտարարել էր, թե Թուրքիայում ներկա պահին կան կալանավորված և դատապարտված լրագրությամբ զբաղվող 27 անձինք։ «Նրանցից և ոչ մեկը բանտում չէ իր մասնագիտական պարտականությունների պատճառով։ Նրանք բանտում են գտնվում իշխանությունը բռնի ուժով տապալելու, ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և այլ մեղադրանքներով»,– նշել էր Թուրքիայի վարչապետը։
Մարտի 9-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի՝ Թուրքիայում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հերթական զեկույցը, որում կոշտ քննադատություններ են հնչում Թուրքիայի հասցեին։
Զեկույցում եվրոպացի խորհրդարանականները մի շարք պահանջներ ու հորդորներ են ուղղում պաշտոնական Անկարային, ինչպես նաև մտահոգություն հայտնում Թուրքիայում մամուլի ազատության վիճակի և վերջին օրերին տեղի ունեցած լրագրողների ձերբակալությունների առնչությամբ։ Դժգոհություն է հնչում «Էրգենեքոնի» և «Բալյոզի» դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ցանկալի արդյունք չապահովելու առնչությամբ։ Բացի այդ, եվրախորհրդարանականները կոչ են անում Թուրքիային «անհապաղ իր զորքերը դուրս բերել Կիպրոսից»։

No comments: