Saturday, March 19, 2011

Ադրբեջանը Վրաստանից պահանջում է երկու մասի բաժանել Վրաստանի պատմական Դավիթ Գարեջու տարածքը

News.am. 18-3-2011- Ադրբեջանը Վրաստանից պահանջում է երկու մասի բաժանել Վրաստանի պատմական Դավիթ Գարեջու տարածքը: Այս մասին տեղեկացնում է վրացական Journalist.ge գործակալությունը, հիշեցնելով 4 տարի առաջ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կատարած հայտարարությունը, որտեղ նա ասել է. «Իմ եղբայր Իլհամի հետ զրուցեցի, եւ Վրաստանի պատմական տարածքի` Դավիթ Գարեջու սահմանը այնպես կանցնի, որ վրացական մշակութային կոթողները կհայտնվեն Վրաստանի տարածքում»:
Ըստ գործակալության, անցել է 4 տարի, բայց ի օգուտ Վրաստանի առաջխաղացում դեռ չկա:
Թբիլիսիի ավագանու անդամ, «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան նշել է, որ 2 շաբաթ առաջ Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշբիլին Բաքու այցելության ժամանակ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, սակայն այդ հանդիպումը չի լուսաբանվել ո´չ Վրաստանի, ո´չ էլ Ադրբեջանի կողմից: Ըստ գաղտնի տեղեկատվության, նրանց հանդիպման թեման եղել է Դավիթ Գարեջու տարածքի խնդիրը, որի ժամանակ էլ Ալիեւը պահանջել է տարածքը կիսել:
«Այժմ Վրաստանի ղեկավարությունը պարտավոր է ասել, թե արդյոք Վրաստանին սպառնո՞ւմ է Դավիթ Գարեջու տարածքի մասնատում, ինչպես նաեւ այնտեղ ադրբեջանցի հովիվների համար կետերի բացման վտանգ»,-հայտարարել է Թբիլիսիի ավագանու անդամը:
Նշենք, որ Դավիթ Գարեջու թեման մարտի 28-ին կքննարկվի Վրաստանի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա են գտնվելու ԱԳ նախարարության սահմանների սահմանազատման պատասխանատու անձինք եւ դատախազության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Վրաստանի պատմական Դավիթ Գարեջու տարածքի մի մասը գտնվում է Վրաստանի, իսկ մյուս մասը՝ Ադրբեջանի տարածքում:

No comments: