Tuesday, March 29, 2011

ԱՄԵՆԱՇԱՏ ԳՅՈՒՄՐԻԻՑ ԵՆ ԳՆՈՒՄ

«Լրագիր» 29-3-2011- 2006 թվականից առ այսօր Հայաստանում 600 ընտանիք մանրակրկիտ ուսումնասիրել է մի շատ լուրջ ծրագիր, ապա շատ լուրջ տրամադրությամբ տան առք ու վաճառքով է զբաղվել` կահույքն ու տեխնիկան էժան-էժան սրան-նրան է տվել, ապա էլ ավելի լրջորեն ճամպրուկները կապել ու հարեւանաբարեկամ Ռուսաստանի գիրկը նետվել: Նետվել է խելակորույս ու հույսով լեցուն` գործը կտան, տունը կտան, քաղաքացիությունը կտան, ես էլ ծափ կզարկեմ ու քեֆ կքաշեմ:
Այս 600-ի մեկնողական գաղափարով Հայաստանում, մասնավորապես Գյումրիում այսօր շատերն են հետաքրքրված, իսկ հետաքրքրության բուն պատճառն էլ Ռուսաստանի Դաշնության Համերկրացիներ ծրագիրն է: Վերջերս Գյումրիի ՌԴ հյուպատոսարանի դուռը առավել հաճախ են թակում` եկել ենք ծրագրին լավ ծանոթանանք, ասում են այցելուները:
Նրանք տեղում ծանոթանում են 33 թղթապանակների պարունակությանը, որը իրենից ներկայացնում է 33 մարզի թափուր աշխատացուցակը. Բանվորներ, ծրագրավորողներ, տարբեր ոլորտում բարձր պաշտոններ, բժիշկներ եւ անգամ պարուհիներ եւ այսպես շարունակ: Այս խայտաբղետ ցուցակը առաջին հայացքից գրավիչ է, սակայն եթե մեկը փորձի ծանոթանալ աշխատավարձին, մի փոքր կհիասթափվի` պատկերացրածի կեսն էլ չկա: Հենց տեղում հիասթափությունը առավել կխորանա` նշված թիվը մի քիչ էլ է ցնդում: Տեղում վերանում է նաեւ բնակարանով ապահովելու հույսը` տուն չեն տալիս, վարձակալել է պետք ու խղճուկ աշխատավարձի կոպեկներով տան վարձը հոգալ: Սա էլ դեռ ամենը չէ` հիմնականում առաջարկվում է աշխատանք պետության գրեթե լքված ծայրամասերում, ուր միշտ ձմեռ է, բուքը խեղդում է, աշխատանքի վայր հասնելն էլ հերոսություն է:
Կարճ ասած, Ռուսաստանն իր տարերքի մեջ է` գրավիչ պայմաններով փորձում է էժան աշխատուժ գրավել ու իր լքված բնակավայրերը շենացնել:
Այնուամենայնիվ, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարի խոսքով, այս տարի ավելացել է հետքրքրվողների թիվը` երեւի շուտով Գյումրին անմարդաբնակ քաղաքիկ դառնա… հենց այստեղ է արտագնա մեկնողների ամենամեծ ցուցանիշը, հենց Գյումրին է խոպանի պատճառով օր օրի դադարկվողը:
ԱՍՏՂԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գյումրի

No comments: