Thursday, March 24, 2011

«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻՆ ՎԵՐՋ ՏԱԼՈՒ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ՀԻՇԱՏԱԿԵԼՈՒ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Դա «Երիտասարդ թուրքերի միության» նախաձեռնությամբ կկազմակերպվի ապրիլի 30-ին
«ԱԶԳ», 24-03-2011- ԱՄՆ-ում բնակվող թուրքերի, ավելի շուտՙ Թուրքիայի քաղաքացիների թիվը շուրջ 250 հազար է, որոնք ունեն ավելի քան 100 միություններ: Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գլխավոր առաջադրանքով կազմավորված այս միությունների գործունեությունը Թուրքիայի արտգործնախարարության հետ սերտ համագործակցությամբ վերահսկում են «Թուրքական ֆորումն» ու «Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիան»:
Այս երկու կազմակերպությունների վերահսկողության տակ է նաեւ Նյու Յորքում գործող «Երիտասարդ թուրքերի միությունը», որը թուրքական ժխտողականության առաջամարտիկի կարգավիճակով ստանձնել է «Հայկական ստերին վերջ տալու եւ նահատակներին հիշատակելու» հանրահավաքի կազմակերպման պարտականությունը: Այս տարվա հանրահավաքը, որը 7-րդն է լինելու, նախատեսվում է կազմակերպել ապրիլի 30-ին, նույնպես Նյու Յորքի «Թայմս» հրապարակում:
Ինչպես երեկ նշել էր Նյու Յորքի «թուրքական» կայքէջը, հանրահավաքի կազմակերպման առնչությամբ հայտարարություն է արել «Երիտասարդ թուրքերի միության» նախագահ Թուլգա Թեքմանը: Նա մասնավորապես ասել է. «Ամերիկայի թուրքական համայնքը «ո՛չ» ասելով հայկական ստերին, պետք է միասնաբար տեր կանգնի մեր ազգային դատին: Անհրաժեշտ է, որ ճշմարտությունն իմանա ողջ աշխարհը: Ապրիլի 30-ին կհավաքվենք թուրքական փառապանծ դրոշի ներքո եւ միասնաբար, ինչպես բարեկամին, այնպես էլ թշնամուն, կներկայացնենք մեր արդարացի դատը: Վերջին տարիներին ազգային դատին տեր կանգնելու եւ ճշմարտությունը ամերիկացիներին հասցնելու մեր ջանքերն արդյունք են տվել, որ հայկական լոբբինՙ մատնվելով խուճապի, ավելի շատ մասնակիցներ ներգրավելու համար որոշել է հանրահավաք անցկացնել մայիսի 1-ին: Մենք էլ հայերին ճնշելու եւ նրանց ազդեցությունը թուլացնելու համար որոշեցինք հանրահավաքը մեկ օր շուտՙ ապրիլի 30-ին կազմակերպել»:
Վերջում Թեքմանը նշել է, որ առաջիկա հանրահավաքում թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ հայերի կատարած բռնության եւ իրականացրած կոտորածների մասին իրազեկելու են ամերիկյան հասարակական ողջ կարծիքին:
Ի դեպ, նախորդ տարիներին Նյու Յորքում այս միության կազմակերպած հանրահավաքները մասնակիցների սակավաթվության (ընդամենը մի քանի տասնյակ մարդ էր մասնակցում) պատճառով կատարյալ հիասթափություն էին պատճառել թուրքական շրջանակներին եւ հատկապես կազմակերպիչներին:

No comments: