Thursday, March 31, 2011

Բաքուն նեղացել է ՄԱԿ-ից Լիբիայի և ԼՂ համար և ՄԽ-ին մեղադրում է ԼՂ հիմնախնդրի հանդեպ անտարբերության մեջ

ARMENIAN.Net - 30 մարտի 2011 Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում իրադրության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային գնահատման առաքելության հաշվետվության դրույթների հետ իր անհամաձայնության մասին: Ինչպես ընդգծել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակա-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Գասանովը, Ադրբեջանի իշխանությունները «հակված են զուգահեռներ անցկացնել» Ղարաբաղում և Լիբիայում առկա իրադրությունների միջև: Գասանովը «դժգոհություն» է հայտնել այն առիթով, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի չորս ադրբեջանական բանաձևերն այդպես էլ ուշադրության չարժանացան, մինչդեռ Լիբիայի բանաձևը տեղնուտեղը «կյանքի կոչվեց»: Հաշվի առնելով դա` Ադրբեջանի ղեկավարությունն արդեն հիմա հակված է կասկածի տակ առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաշվետվության հիմնական դրույթները` նման մոտեցումը համարելով խնդրի հանդեպ «անտարբերության դրսևորում»:
Մարտի 24-ին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյին ներկայացրել են դաշտային գնահատման առաքելության հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղիհարակից տարածքներում իրադրության մասին: Հաշվետվությունը վկայում է այն մասին, որ գնահատման առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչները «չեն նկատել» Արցախի ակտիվ զարգացող ենթակառուցվածքները, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացումը:
Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, զեկույցում մասնավորապես ասվում է, որ այցելելով Ղարաբաղի հարակից տարածքներ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միայն «հակամարտության աղետալի հետևանքներն ու խաղաղ կարգավորման հասնելու ձախողում» են տեսել: «Նախքան հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերն այսօր գրեթե ամբողջությամբ ավերված են: Թեև հավաստի տվյալներ չկան, Լաչինի և Քելբաջարի քաղաքներում ու փոքր ավաններում ապրող բնակչության ընդհանուր թիվը գնահատվում է 14 000 մարդ»,- ասվում է զեկույցում: Զեկույցում նշվում է նաև, որ համանախագահներն արձանագրել են, որ այդ շրջաններում 2005 թվականից ի վեր բնակչության զգալի աճ չի եղել: Համանախագահներին անգամ հաջողել է առանց որևէ փաստաթղթերի անձանց «հայտնաբերել» և կոչ են արել լուծել այդ մարդկանց խնդիրները:
Համանախագահների կարծիքով, այդ տարածքներում տիրող «դաժան իրականությունը» խոսում է ներկայիս ստատուս-քվոյի անընդունելիության մասին, և «միայն հակամարտության խաղաղ լուծումը կարող է լավ հեռնկար դառնալ այդ տարածքներում բնակվող մարդկանց և նրանց համար, ովքեր հետագայում կարող են բնակություն հաստատել այդտեղ»: Ավելին, ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները կողմերին կոչ են արել «այդ տարածքներում խուսափել ցանկացած գործունեությունից և ապահովել գերեզմանատների ու կրոնական օբյեկտների պահպանությունը»:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են հետագա առաքելություններ իրականացնել նաև ղարաբաղյան հակամարտությունից տուժած մյուս շրջաններում և այդ առաքելության մեջ ներառել համապատասխան միջազգային հաստատություններից փորձագետների, որոնք մասնակցելու են խաղաղ կարգավորմանը:

No comments: