Thursday, March 31, 2011

ՍԻՐԻԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Սիրիան յուրահատուկ երկիր է արաբական աշխարհում և Մերձավոր Արևելքում: Այս պետության հետ ստիպված են հաշվի նստել տարածաշրջանում և աշխարհում շահագրգռված բոլոր պետությունները` նկատի ունենալով նրա գեոռազմավարական դիրքը և իշխող ռեժիմի գաղափարական բովանդակությունը: Սիրիական էլիտան, որը ձևավորել և զտել է հանգուցյալ նախագահ Հաֆիզ Ասադը, բավական խելացի իրականացնում է «դասական» բազմակողմ արտաքին քաղաքականություն` խուսանավելով արաբական և եվրոպական պետությունների, ԱՄՆ, Թուրքիայի և Իրանի միջև: Սիրիայի իշխող շրջանակներն անփոփոխ դիտվում են որպես արաբական «գործի» նվիրյալներ, միևնույն ժամանակ հաջող համագործակցելով ԱՄՆ, Ֆրանսիայի և Իրանի հետ:
Չտիրապետելով նշանակալի հանքային ռեսուրսների` Սիրիան քիչ թե շատ հաջողությամբ փորձում է լուծել տնտեսական և սոցիալական խնդիրները` ձեռք բերելով ռազմական տեխնիկայի նոր տեսակներ: Ինչ վերաբերում է իշխող ռեժիմի ժողովրդականությանը կամ ամրությանը, ապա բոլոր հնարավոր գնահատականները դրա միանշանակ հնության մասին, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Ինձ վիճակվել է լինել Սիրիայի բազմաթիվ քաղաքներում և գավառներում, և կարելի է համոզվել, որ բնակչության բազմաթիվ շերտերը, հատկապես երիտասարդությունը, ամբողջովին ընկալում են իշխանությունների քաղաքականությունը, իսկ ինչ վերաբերում է նախագահ Բաշար Ասադի քաղաքականությանը, ապա նրան անկեղծ սիրում են և նույնիսկ շատ սիրիական ինտելեկտուալներ, որոնք արտասահմանում են ապրում և բոլորովին էլ կախված չեն սիրիական իշխանություններից, վստահաբար խոսում են նախագահին աջակցելու մասին, չնայած նաև շատ է խոսվում փոփոխությունների ու բարեփոխումների ժամանակը լինելու մասին:

Նախագահը շատ բանով կախված է իշխող շրջանակներից և համապատասխանում է քաղաքական դասի շահերին: Նրա սկսած բարեփոխումները իշխանության գալուց անմիջապես հետո շարունակություն չստացան, որն անդրադարձավ երկրում կայունության և բողոքական տրամադրությունների վրա, սակայն, ամեն դեպքում, հասարակական դրությունը նկատելիորեն փոխվել է, և մարդիկ ակնկալում են քաղաքական բարեփոխումների շարունակություն:

Էթնոդավանաբանական առումով Սիրիան բարդ պետություն է: 20 միլիոն բնակչությունից շուրջ 2 միլիոնը ալավիներն են, որոնք շիիզմի ծայրահեղ տեսակի հետևորդներն են, ովքեր երկար ժամանակ դժվարությամբ են ընդունվել մուսուլմանների կողմից որպես 5 պաշտոնական իսլամի մազհաբների (իրավական դպրոց, ուղղություն) ներկայացուցիչներ:

Մոտ 1,5 միլիոն մարդ ուղղափառ քրիստոնյաներ են, մոտ 2 միլիոնը` քրդեր, մի քանի հարյուր հազարն էլ քրիստոնեական (կաթոլիկներ, մարոնիներ, ունիաթներ) և այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչներ են: Սակայն, բնակչության մեծամասնությունը սուննի-արաբաներ են, այսինքն` 14 միլիոնից ոչ պակաս, ընդ որում, մեծամասմաբ, հանբալիական` իսլամի ամենաուղղափառ մազհաբին են պատկանում: Կապված այն բանի հետ, որ սկսած 1970 թ սկսած Սիրիայում իշխանության է գտնվում Ասադի ալավիական ընտանիքը, իշխող էլիտայի նշանակալի մասը, այդ թվում նաև զինված ուժերի, ալավիներ են, որը, բնականաբար, մշտական դժգոհություն է առաջ բերում արաբ-մուսուլմանների կողմից: Սիրիայում նկատվում են նաև քրդական ոչ շատ ուժեղ, սակայն անջատողական տրամադրություններ: Բացի այդ, սիրիացիները հիշում են, որ ֆրանսիական մանդատի ժամանակ Միջերկրականի ափի երկայնքով իշխանությունները փորձել են ստեղծել ոչ մեծ ալավիական պետություն: Իշխող ռեժիմը բավական հմտորեն է պահում հասարակական ուժերի հավասարակշռությունը, և նշանակալի չափով հենվում է բնակչության բազմակրոնության վրա:

Եթե դիտարկենք Սիրիայում ներկա բուռն իրադարձությունների որևէ տարբերակ, ապա, չլինելով ոչ արաբագետ, ոչ արևելագետ, ես կառաջարկեի հետևյալ գնահատականները: Սիրիայի իրադարձությունները հիշեցնում են «կուլիսային հեղափոխություն», երբ երկրի առաջնորդը և նրա առավել հավատարիմ հետևորդները, օգտվելով բնակչության բողոքական տրամադրություններից, որոշել են վա-բանկ գնալ և դուրս մղել իրենց առավել պահպանողական գործընկեր-մրցակիցներին որոշումներ կայացնելու ասպարեզից: Այսինքն, վերևից ղեկավարվող հեղափոխություն կատարել: Իհարկե, սա, ամեն դեպքում, բավական ռիսկային ծրագիր է, և իրադարձությունները կարող են նախագահի դեմ շուռ գալ, սակայն Բաշար Ասադը 10 տարվա ընթացքում չի կարողանում համոզել իշխող քաղաքական շրջանակներին բարեփոխումների անհրաժեշտության հարցում: Չեմ կարծում, որ նման տեսակետի հետ կհամաձայնվեն Արևմուտքի առավել տեղեկացված փորձագետները: Թե ինչ կլինի, ցույց կտա մոտ ապագան:

Բարեփոխումների անցկացումը և նախագահի ու ալավիական կլանի քաղաքական դիրքի ամրապնդումը կարող է հանգեցնել արտաքին քաղաքականության որոշակի ուղղումների: Նախևառաջ, մերձեցում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ հետ և հարաբերությունների կարգավորում Ֆրանսիայի հետ, կբերի ավելի նվազ սերտ համագործակցության Թուրքիայի հետ, որը տեղի է ունեցել վերջին տարիներին, ստիպված, երբ Սիրիան հայտնվել է արտաքին քաղաքական բավական խնդրահարույց իրավիճակում: Սիրիայի և Թուրքիայի միջև ստորագրված տնտեսական, քաղաքական և ռազմական համաձայնագրերը հանգեցրել են Մերձավոր Արևելքի հայ համայնքների համար ոչ այնքան բարենպաստ իրավիճակի: Խոսել ենք, որ այս իրավիճակում հայկական թերթերը սահմանափակվել են իրադարձությունների նման ընթացքը քննադատելուց: Սակայն, նույնիսկ այս դժվար իրավիճակում Սիրիան ցուցադրել է հակվածություն բազմավեկտոր և հավասարակշռված քաղաքականությանը, Սիրիայի նախագահը Հայաստան է այցելել պաշտոնական այցով: Բարեփոխումները և Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ առեղծվածային թվա, թույլ կտա Սիրիային զարգացնել Իրանի հետ հարաբերությունները նախկին ուղղությամբ` ամրապնդելով շիական գոտին: Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը Դամասկոսի համար հարկադրված է տեղի ունեցել, քանի որ Սիրիան մնացել է առանց ԽՍՀՄ-Ռուսաստանի նախկին աջակցության, ունեցել է հսկայական ֆինանսական դժվարություններ և զգուշանում էր հայտնվել երկու ավանդական դաշնակիցների` Իսրայելի և Թուրքիայի միջև, առանց արաբական պետությունների կողմից պատշաճ աջակցության:

Այժմ գլխավորն այն է, որ Բաշար Ասադը և իր թիմը կարողանան հաջողությամբ իրականացնել առաջին, սակայն բավական արմատական բարեփոխումները և պատրաստել երկիրը, հատկապես քաղաքային միջին դասին և ավանդական թայֆաներին առավել էական փոփոխությունների հասարակական կյանքում: Կարելի է հուսալ, որ Ֆրանսիան, որը հանդես է գալիս Սիրիայի «պատրոնի» դերում արևմտյան ուղղությունում, չի թողնի Սիրիային այսքան բարդ իրավիճակում, և արդեն կան որոշ պայմանավորվածություններ երկրի բարեփոխման հարցում: Անկասկած, նրանք, ովքեր Ասադի դեմ են հանդես գալիս, մեծ հաշվով չեն հանդիսանում բարեփոխումների կողմնակիցներ, այլ, հակառակը, հասարակության առավել արխայիկ շրջանակներն են, որոնք հարմարվել են ներկա կարգերին, կոռուպցիային, կլանային տնտեսությանը և այլն: Կարևոր է նաև ալավիական կլանի դիրքերի պահպանումը, որն ունակ է դառնալ բարեփոխումների շարժիչը և քաղաքական ու հասարակական կյանքում նոր իրականությունների հիմնադիրը: Սիրիական «Մուսուլման եղբայրները», իհարկե, կօգտվեն այս իրադարձություններից և կփորձեն վրեժ լուծել 1982 թ իրադարձությունների համար, երբ Հ. Ասադը ճնշել է նրանց ապստամբությունը Համայում: Սիրիայում այս կազմակերպությունը հատկապես ուժեղ է և գաղտնի գործող և ավելի շուտ արտահայտում է ոչ թե քաղաքական իսլամի, այլ հիմնականում սուննիական կլանների շահերը:

Այդ ցույցերի արդյունքում նկատվել են նաև լոզունգներ, որոնք պահանջում են Թուրքիայից վերադարձնել Ալեքսանդրետի շրջանը, որը Թուրքիային է բռնակցվել 1939 թ, և որը Սիրիան շարունակում է համարել իր տարածքը, չնայած վերջին շրջանում պաշտոնական Դամասկոսը նախընտրել է չառանձնացնել այս հարցը և չհիշեցնել այդ մասին:

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: