Friday, March 11, 2011

Եվրախորհրդարանի զեկույցը գրվել է պատվերով. Էրդողան

Tert.am. 11-3-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Եվրախորհրդարանին՝ օրեր առաջ Թուրքիայի վերաբերյալ ընդունած զեկույցի համար։ Այս մասին են տեղեկացնում թուրքական լրատվամիջոցները։
«Այդ զեկույցից երևում է, որ այն պատրաստել են Թուրքիան ընդհանրապես չճանաչող մարդիկ։ Դա պատվերով պատրաստված զեկույց է»,– հայտարարել է Էրդողանը՝ ավելացնելով. «Այդ զեկույցում բացակայում է հավասարակշիռ մոտեցումը։ Թող ներողամիտ լինեն, բայց ես չեմ հավատում, որ զեկույցը պատրաստողները հավասարակշիռ մարդիկ են։ Հակառակ դեպքում նրանք զեկույցում նման բաներ չէին գրի Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ»։
Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայում ներկա պահին կան կալանավորված և դատապարտված լրագրությամբ զբաղվող 27 անձինք։ «Նրանցից և ոչ մեկը բանտում չէ իր մասնագիտական պարտականությունների պատճառով։ Նրանք բանտում են գտնվում իշխանությունը բռնի ուժով տապալելու, ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և այլ մեղադրանքներով»,– նշել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի՝ Թուրքիայում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցը, որում կոշտ քննադատություններ են հնչում Թուրքիայի հասցեին։
Զեկույցում եվրոպացի խորհրդարանականները մի շարք պահանջներ ու հորդորներ են ուղղում պաշտոնական Անկարային, ինչպես նաև մտահոգություն հայտնում Թուրքիայում մամուլի ազատության վիճակի և վերջին օրերին տեղի ունեցած լրագրողների ձերբակալությունների առնչությամբ։ Դժգոհություն է հնչում «Էրգենեքոնի» և «Բալյոզի» դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ցանկալի արդյունք չապահովելու առնչությամբ։ Բացի այդ, եվրախորհրդարանականները կոչ են անում Թուրքիային «անհապաղ իր զորքերը դուրս բերել Կիպրոսից»։

No comments: