Friday, March 11, 2011

ԼԻԲԻԱՆ ՆԱԽԱԴԵՊ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ

«Լրագիր» 11-3-2011- Համաշխարհային հանրությունը ակտիվ քննարկում է` պե՞տք է արդյոք զորք մտցնել Լիբիա: Ընդ որում, քննարկվում է մի քանի տարբերակ` հարցը քննարկվում է ՄԱԿ-ում, որտեղ Ռուսաստանը եւ Չինաստանը խոստանում են վետո կիրառել, սակայն քննարկումները տեղի են ունենում ՆԱՏՕ անդամ պետությունների վեհաժողովի ձեւաչափով: Որոշումը կարող է նախադեպ դառնալ այլ ներքին հակամարտությունների համար, այդ թվում ղարաբաղյան, որտեղ կարգավորման հիմնական հարցերից մեկը մնում է խաղաղապահ զորքի կազմը:
Արեւմտյան երկրները Լիբիայի իրավիճակը ներկայացնում են որպես հումանիտար աղետ, ինչը պահանջում է զորք մտցնել, եւ դա կարող է ՆԱՏՕ-ի զորքը լինել: Արեւմուտքը ցանկանում է համոզել Ռուսաստանին ու Չինաստանին, որպեսզի զորք մտցնելը չդիտարկվի որպես ինտերվենցիա, ինչպես Սերբիայի, Աֆղանստանի եւ Իրաքի պարագայում: ՆԱՏՕ-ի համար ներկայում կարեւոր է, թե ինչպես է կոչվելու ռազմական գործողությունը` ինտերվենցիա, թե հումանիտար աղետից փրկություն: Դա կարեւոր է, քանի որ պատերազմը Լիբիայում կարող է ավելի դաժան լինել, քան նույնիսկ Իրաքում ու Աֆղանստանում:

Լիբիայի հարցով քննարկումների ելքից է կախված ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի հետագա հարաբերությունը, ՆԱՏՕ-ի դերի հանրային ընկալումը: Ինչ է ՆԱՏՕ-ն` համաշխարհային ժանդա՞րմ, որ իրեն իրավունք է վերապահում միջամտել երկրների ներքին գործերին, պաշտպանելով սեփական տնտեսական եւ աշխարհքաղաքական շահերը, թե զորք, որը փրկում է համամարդկային չարիքներից` արմատականությունից, էքստրեմիզմից, ահաբեկությունից, ռազմատենչ դիկտատուրաներից:

Դժվար թե ՆԱՏՕ-ն ցանկանար առաջին գնահատականը, որը հաճախ է հնչում Բելգրադի ռմբակոծությունից հետո: Այն ժամանակ դաշինքն առաջին անգամ, առանց ՄԱԿ-ի սանկցիայի, ուժ կիրառեց ինքնիշխան պետության դեմ: Արդյունքում, Սերբիայից անջատվեց Կոսովոն, եւ այնտեղ Արեւմուտքը բազա տեղակայեց:

Ի՞նչ նպատակների է ձգտելու ՆԱՏՕ-ն Լիբիայում: Լիբիայի ԱԳ նախարարն ասում է, որ Արեւմուտքը ցանկանում է Լիբիան բաժանել երկու մասի եւ լիակատար հսկողություն սահմանել նավթի վրա: Եւ եթե ՆԱՏՕ-ն, այնուամենայնիվ, օգնօ ապստամբներին, դա կնշանակի, որ շղթան կշարունակվի, եւ մնում է միայն գուշակել, թե ով կլինի հաջորդը:

Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին առաջինը հայտարարեց Լիբիայի ազգային համաձայնության խորհրդի եւ նրա առաջնորդի լեգիտիմությունը ճանաչելու մասին: Դրանից մեկ օր առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ իր երկիրը Ղարաբաղի կարգավորման հիմնական սկզբունք է ճանաչում ինքնորոշումը: Իսկ նախօրեին, ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ միջազգային ճանաչումը ղարաբաղյան կարգավորման լավագույն միջոցն է: Այս տրամաբանությունից ելնելով, Ֆրանսիայից կարելի է անսպասելի քայլ ակնկալել` ԼՂՀ ճանաչումը:

Այդ քայլը կարող է շատ գործընթացների կատալիզատոր լինել, այդ թվում զորք մտցնելու: Լիբիան, եթե բաժանվի, Կոսովոյից հետո կարող է արդեն ոչ թե ներքին, այլ միջպետական հակամարտության լուծման համար ՆԱՏՕ զորք մտցնելու նախադեպ դառնալ: Եւ նույն կերպ էլ ՆԱՏՕ-ի զորքը կարող է հայտնվել Ղարաբաղում:

Այն մասին, որ Ռուսաստանի զորքը, չնայած Հայաստանում բազայի առկայությանը, չի կարող ինքնուրույն մտցվել ղարաբաղյան հակամարտության գոտի, վկայում է Սոչիի վերջին եռակողմ հանդիպումը: Սոչիի հանդիպման նախօրեին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է Ղարաբաղում կարգավորման երաշխավոր լինել, այլ կերպ ասած` զորք մտցնել: Սակայն դրանից հետո հնչած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունը Ռուսաստանի այդ իրավունքի մերժումն էր:

Հետաքրքիր է, որ թուրքական ու ադրբեջանական փորձագետները բազմիցս հայտարարել են, որ ամռանը հնարավոր է հակամարտության լուծում: Այն մասին, որ “Ադրբեջանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա”, հայտարարել է նաեւ Սերժ Սարգսյանը: Իսկ դա նշանակում է, որ զորքի կազմը, որ պետք է երաշխավորի կարգավորումը, դառնում է համաշխարհային հանրության ամենաակտուալ խնդիրը:

Հատկանշական է, որ այս կապակցությամբ ոչ ոք չի խոսում ՄԱԿ-ի խաղաղարարների մասին, քանի որ նրանք կատարում են զուտ հումանիտար առաքելություն: Իսկ Ղարաբաղյան կարգավորումը լուծում է, ցավոք, ոչ թե հումանիտար, այլ աշխարհքաղաքական խնդիրներ, եւ այդ պատճառով իրականացվում է ոչ թե ՄԱԿ-ի, այլ երեք ազդեցիկ երկրների համանախագահության ներքո: Համապատասխանաբար, զորքի կազմը նշանակելու է գլխավոր աշխարհքաղաքական խնդրի լուծումը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: