Saturday, March 19, 2011

Շվեյցարիայի խորհրդարանում ԼՂ հակամարտության վերաբերյալ քննարկումներ են կայացել

News.am. 18-3-2011- Շվեյցարիայի խորհրդարանում մարտի 16-ին հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ տեղի են ունեցել քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումները բացելով` հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի նախագահ Դոմինիկ դե Բումանը նշել է, որ խումբը 2008թ.-ի հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է նաեւ Ղարաբաղ, եւ որ ներկայիս քննարկումները նպատակ ունեն նաեւ հնարավորինս տեղեկացնելու շվեյցարական քաղաքական շրջանակներին Հայաստանի համար կենսական կարեւորության խնդիրներից մեկի` ԼՂ հակամարտության եւ դրա աշխարհաքաղաքական հետեւանքների ու խնդիրների մասին:
Քննարկումներին «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակագրությունը եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր», «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների կոնցեպտները», «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վիճելի հարցերը» եւ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հեռանկարները. հնարավոր զարգացումներ եւ դրանց քաղաքական հետեւանքները» թեմաներով զեկույցներով հանդես են եկել փորձագետներ Թեսա Հոֆմանը, Ժերար Գերգերյանը, Օտտո Լյուխտերհարդը եւ Ժյուլիեն Զարաֆյանը:
Զեկույցներին հաջորդել են մասնակիցների հետ հարցուպատասխանի ձեւաչափով քննարկումներ:
Քննարկման մասնակիցներին բաժանվել են հայ-շվեյցարական խորհրդարանական խմբի ջանքերով պատրաստված «Լեռնային Ղարաբաղ. մարդու իրավունքներ, միջազգային իրավունք եւ աշխարհաքաղաքական ասպեկտներ» եւ «Ջուղայի ավերումը եւ Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը» խորագրով բրոշյուրներ:
Նշենք, որ քննարկումներին մասնակցել են Շվեյցարիայի խորհրդարանի հայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լեոնբերգերը եւ Դոմինիկ Դը Բումանը, բարեկամության խմբի անդամները, գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը, այլ խորհրդականներ, խորհրդարանի աշխատակազմի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի քաղաքական տնօրինության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության եւ Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության աշխատակիցները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

No comments: