Monday, March 28, 2011

Ո՞վ պետք է մտածի ժողովրդի մասին

Diplomat.am . 28-3-2011- «Ժառանգության» Վանաձորի գրասենյակը ստորագրահավաք է սկսել` Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու անվան տակ: Իմ այն հարցին, թե ի՞նչ են տալու այդ ստորագրությունները Հովհաննիսյանին, ակցիայի կազմակերպիչներից մեկն ասաց. «Ուղղակի Րաֆֆուն զորակցում ենք»: Ընդ որում, պահանջվում էր ստորագրողի ոչ միայն անուն-ազգանունը, այլև` հասցեն և հեռախոսի համարը, և այդ բոլոր «ատրիբուտների» միասնությունը մարդկանց փոքր-ինչ կաշկանդում էր, վախեցնելով, թե արդյո՞ք հետագայում իրենք խնդիրներ չեն ունենա` այդ ցուցակի մեջ հայտնվելով:
Այդուհանդերձ, ստորագրողներ կային, որի դիմաց նրանց հանձնվում էր «Ժառանգություն» պաշտոնաթերթի 1 օրինակ:
Ստորագրողներից մեկին (Տիգրան Մեծ պողոտայի վրա, ուր մարտի 27-ին ընթանում էր ստորագրահավաքը) տեղնուտեղը «շուրջկալի ենթարկեցին» տեղական հեռուստաստուդիայի նկարահանող խմբից ու «վրա տվեցին». «Դուք հենց նոր ստորագրեցիք, ինչու՞ համար»: Ստորագրողն էլ պատասխանեց. «Րաֆֆի Հովհաննիսյանին հարգում եմ, դրա համար»: Կարծում եմ, այս նույն տրամաբանությամբ կարելի է մի ստորագրահավաք էլ կազմակերպել` հակառակ ուղղվածությամբ. պահանջել ժողովրդի մեծամասնության հարգանքը չվայելող իշխանավորների հրաժարականը, որն ավելի տեղին կլինի ու հրաժարականի հասնելու համար բավարար հիմք` համապատասխան թվաքանակի դեպքում: Թե չէ օրեր շարունակ խռովածի տեսքով հացադուլի նստելով (ու սպասելով, թե ցորենը կդառնա մասուրի չափ, գարին էլ` ընկույզի) դժվար թե կարելի լինի կառավարության գութը շարժել ու նրանից հրաժարական սպասել. դա իշխանությունների համար ընդամենը քաղաքական թատերականացված շոու է` դատելով Հովհաննիսյանին այցելած իշխանավորների դեմքի արտահայտությունից:

«Ախր սա էն երկիրը չի, որ հացադուլով, նստացույցով կարելի է ինչ-որ բանի հասնել, կոնկրետ գործով պայքարել է պետք»,- նկատում է վանաձորցիներից մեկը:

«Ժառանգությունը» ԱԺ-ում ներկայացված կուսակցություն է, որ ի պաշտոնե կոչված է բարձրացնելու ժողովրդի խնդիրները, բայց փոխանակ դրանով զբաղվելու, հուսահատ ժողովրդին զորակցելու, կոնկրետ պահանջներ ներակայացնելու, կոնկրետ խնդիրների շուրջ լուծման ուղիներ առաջարկելու, հացադուլ է հայտարարում. ավելի ճիշտ` առաջնորդը հայտարարում է, մյուսներն էլ` զորակցում արդեն 13 օր շարունակ: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կկատարվի ժողովրդի հետ (առանց այդ էլ անտերության մատնված), եթե նրա հարցերով ի պաշտոնե զբաղվողները հերթով հացադուլ հայտարարեն: Եթե «Ժառանգությունը» կոնկրետ պահանջում է իշխանության հրաժարականը, կարող է այդ առթիվ ստորագրահավաք կազմակերպել կամ սոցիալական բողոքի ակցիաներ նախաձեռնել, և ոչ թե` հացադուլի նստել, ժողովրդին թողնելով բախտի քմահաճույքին: Ի վերջո, ինչի՞ համար է տրված պատգամավորական մանդատը, ինչի՞ համար է պատգամավորական ամբիոնը:

Ահա թե ինչու, ժողովրդի մեծամասնությունն այսօր ԱԺ նիստերի հեռարձակումներին չի հետևում այնպես, ինչպես տարիներ առաջ, երբ գոնե մեկ-երկու ընդդիմադիր ելույթներ էին հնչում ժողովրդին հուզող: Հիմա խորհրդարանը ժողովրդի համար դարձել է մի համահավասար զանգված` միմյանցից գրեթե չտարբերվող ձանձրալի ելույթներով` ժողովրդին ոչինչ չտվող (դա էլ, հավանաբար, նրա համար, որպեսզի արդարացվի պետբյուջեից նրանց տրվող ահռելի աշխատավարձերի առկայությունը):

...Կարծում ենք, հացադուլը զգալի վնաս է հասցնում Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ միայն առողջական իմաստով. այն ժողովրդի մոտ կարեկցանքի, խղճահարության զգացմունք է առաջացնում, մինչդեռ պատգամավորը, քաղաքական գործիչը պետք է ուժեղ լինի, որ ինքը սատարի ժողովրդին, այլ ոչ թե կարեկցանք առաջացնի:

Գայանե Հովսեփյան, Վանաձոր

No comments: