Monday, March 28, 2011

ԵՄ-ից Թուրքիային ուղղված քննադատությունների տարափ

Panorama.am. 28-3-2011- Գերմանական «Մարշալ» հիմնադրամի կազմակերպած բրյուսելյան համաժողովին մասնակցել է Թուրքայի պետնախարար, եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանախոս Էգեմեն Բաղըշը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) օրաթերթի, համաժողովի ժամանակ բազմաթիվ քննադատություններ են հնչել Թուրքիայի հասցեին Էրգենեկոնի դատավարության, Իսրայելի հետ ձգձգվող հակամարտության, կիպրական խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում Անկարայի վարած քաղաքականության համար:
«Թուրքիայի «զրո խնդիր» քաղաքականությունը և Եվրամիությունը» խորագրով նիստում բացի Բաղըշից ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռոբերտ Ուեքսլերը, Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Փոլենզը և ԵՄ ընդարձակման հարցերով հանձնաժողովի նախագահ Մայքլ Լեյը, որն էլ աչքի է ընկել իր կտրուկ քննադատություններով:
Լեյը մասնավորապես նշել է, որ վերջին ժամանակներս Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից հետո խոսքի ազատությունը մտահոգիչ է:
Նա անդրադարձել է նաև մարդասիրություն ու խաղաղություն խորհրդանշող Կարսի հուշարձանի ապամոնտաժման որոշմանը: Լեյի դիտարկմամբ` ակնհայտ հակասաություն կա այն բանում, որ Թուրքիան մի կողմից պնդում է, թե հետամուտ է «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությանը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի հետ համերաշխությունը խորդանշող հուշարձանը քանդելու որոշում է կայացնում:
Էգեմեն Բաղըշն էլ ի պատասխան ասել է, որ հուշարձանի ապամոնտաժումը չի առնչվում հայ-թուրքական կարգավորման գործընթացին և ապամոնտաժման որոշում կայացվել է բացառապես ճարտարապետական նկատառումներով:

No comments: